Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի պատվիրակությանը՝ քննարկելու Հայաստանում գետերի հուների կառավարման և հեղեղումների կանխարգելման որոշումների կայացման համակարգի ներդրման գործընթացի և դրան ուղղված հայեցակարգային փաստաթղթի մշակման առաջընթացը։ Քննարկմանը ներկա էր նաև ջրային քաղաքականության վարչության պետ, ծրագրի ազգային համակարգող Լիլիթ Աբրահամյանը։
Հայաստանը ձգտում է ամրապնդել հեղեղումներից առաջացող կորուստները կանխելու և գետերի հուները ժամանակակից, տվյալահեն և փաստահեն որոշումների կայացման համակարգի միջոցով կառավարելու իր կարողությունները։ Դիտարկումների, հիդրոլոգիական և հիդրավլիկ մոդելավորման, ջրային ոլորտի տվյալների փոխգործունակության, արբանյակային դիտարկումների, առաջադեմ վերլուծությունների և գետերի կառավարման նպատակային միջոցառումների համադրմամբ նպատակ է դրվում հնարավորություն տալ պետական մարմիններին՝ բացահայտելու գետերի հուների մաքրման առաջնահերթ հատվածները, կանխատեսելու հեղեղումների ռիսկերը, գնահատելու կառավարման սցենարները և հանրային ներդրումներն ուղղելու ռիսկի կրճատմանն ու բնապահպանական առավելագույն արժեք ապահովող միջոցառումներին։
Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի աջակցությամբ ամբողջականացնել հայեցակարգային փաստաթուղթը, ներառյալ՝ համակարգի ներդրման մանրամասն տեխնիկական առաջադրանքը, ինչպես նաև դիտարկել ծրագրի կողմից առաջարկվող գործառնական կարգավորումներին աջակցության հարցը։




































