Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։Նախագահը շնորհավորել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն:Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հանգամանքը՝ ի թիվս այլ հարցերի, Հանրապետության նախագահը հատուկ անդրադարձել է բարձրաստիճան այցերի կարևորությանը՝ հիշատակելով ընթացիկ տարվա մայիսին հաջողությամբ պսակված Նախագահ Մակրոնի պետական այցը Հայաստան, որը նոր լիցք ու բովանդակություն հաղորդեց երկկողմ օրակարգին:
Կողմերը քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը՝ թե՛ կենտրոնական, թե՛ տեղական իշխանությունների մակարդակով, ինչպես նաև կարևորվել է համագործակցության խորացումը ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում:Նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացին՝ հատուկ կարևորելով Ֆրանսիայի դերակատարությունն այդ օրակարգում:Հանդիպման ավարտին դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հանրապետության նախագահի այցելության, բարեմաղթանքների և երկկողմ հարաբերությունների խթանման գործում ցուցաբերվող աջակցության համար:






































