Դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ օտարված «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը:
Օտարման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումն առ ոչինչ ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջով։
Հայցի հիմքում ի թիվս այլ հայտնաբերված խախտումների՝ ներառվել են մասնավորեցման գործընթացի հետ կապված մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես.
ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի թիվ 690 որոշմամբ՝ ձևավորվել է մրցութային հանձնաժողով՝ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով:
Գնման առաջարկ է ներկայացվել «Holcim LTD» շվեյցարական և «SK.Ajikawo Group» անգլիական կազմակերպությունների կողմից:
2001 թվականի սեպտեմբերի 26-ին կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել «Holcim LTD» շվեյցարական կազմակերպությունը, սակայն 2001 թվականի հոկտեմբերի 22-ին «Holcim LTD» շվեյցարական կազմակերպությունը Պետական գույքի կառավարման նախարարին հասցեագրած գրությամբ հայտնել է, որ կազմակերպության տնօրենների խորհուրդն առանց պատճառաբանությունների մերժել է ներդրումային ծրագիրը:
ՀՀ կառավարությունը 2001 թվականի հոկտեմբերի 22-ից մրցույթը չկայացած համարվելու պահից սկսած 60-օրյա ժամկետի խախտմամբ ինչպես նաև խախտելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 18-րդ հոդվածի պահանջները, անտեսել է անգլիական «SK.Ajikawo Group» անվամբ ընկերության կողմից նախապես հայտնի գնորդ լինելու հանգամանքը և նշված ընկերությանն ուղղակի վաճառքով օտարելու փոխարեն «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության 317.003 բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքով մասնավորեցրել է Բելգիայի Թագավորությունում հիմնադրված, ընդամենը 18 հազար 952 եվրոյի չափով կանոնադրական կապիտալ ունեցող, սննդամթերքի, կիսաֆաբրիկատների, տրանսպորտային միջոցների ներկրմամբ և արտահանմամբ, ինչպես նաև լվացքատների, բենզալցակայանների շահագործմամբ զբաղվող և «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի դստեր ամուսնու՝ Կարապետ Գուլոյանի հորեղբոր՝ Վահագն Գուլոյանի կողմից կառավարվող «Roberto» ՍՊ ընկերությանը: Նույն որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը բաժնետոմսերի գին է սահմանել 200 հազար ԱՄՆ դոլարը՝ գնորդին պարտավորեցնելով այն վճարել մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 բանկային օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ: Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի մայիսի 27-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, ինչպես նաև պետշահերի հայց՝ Հակակոռուպցիոն դատարան:
Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը:






































