Սամվել Կալուգացին այսօր ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին։ Սյուռ է հնչում, այնպես չէ՞։ Այո, դժվար է ժողովրդավարական երկրում մտնել ընտրապայքարի մեջ, ուժեղի պոզա ընդունել, այդ պոզայում նստած՝ վատ հայերենով ու անվարժ խոսքով երկրի ներկայի ու ապագայի վերաբերյալ բաներ ասել, երբ ապահովագրված չես մոնտաժի ամենակարող գործիքով։ Բայց Սամվել Կալուգացին որոշել էր ռիսկի դիմել, ճիշտ այնպես, ինչպես որ ռիսկի է դիմել ու մտել է պայքարի մեջ մի երկրում, որտեղ առնվազն 2018 թվականից օտար պետությունների ղեկավարները չեն որոշում է՝ ով է լինելու երկրի ղեկավարը՝ մոնտաժելով ընտրությունների արդյունքներն ըստ իրենց ճաշակի, և որտեղ այս կամ այն գործչի վարչապետ դառնալու «ռիսկայնությունը» չափվում է բացառապես մեկ չափիչով՝ ժողովրդի քվեով։
Չգիտենք՝ ասուլիսից առաջ ինչ էր ընդունել, արդյոք հալյուցինոգեն միջոցնե՞ր՝ Չինաստանից բերված սնկի, Մեքսիկայից բերված կակաչի սերմի կամ Քենիայից բերված փշի տեսքով, բայց հարցերին պատասխանելիս կարծես հալյուցինացիայի, ցնորքի մեջ էր։ Այո, պետք է ցնորքի, բանդագուշանքի մեջ լինել՝ հայտարարելու, որ ՀՀ կառավարությունն այսօր իր վերջին նիստն է անցկացրել, որ ինքը ՀՀ հաջորդ վարչապետն է լինելու, այն դեպքում, երբ նույնիսկ իր իսկ փողերով ստեղծված կազմակերպության՝ «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում իր անունը՝ որպես պատգամավորի ու պոտենցիալ վարչապետի թեկնածու, չկա, «նյետ», «նիխտ», քանի որ ՀՀ Սահմանադրությունն արգելում է այլ երկրների քաղաքացիություն ունեցողներին հավակնել պատգամավորի ու վարչապետի պաշտոնին։ Իսկ ինքը ՀՀ-ից բացի՝ նաև ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիություն ունի, ու թեև պնդում է, որ դրանցից հրաժարվելու գործընթաց է սկսել, բայց դա վկայող «բարաթը»՝ ապացույցը, համապատասխան դիմումի ձևով, ցույց չի տալիս իր ընտրողներին։ Երևի առաջնորդվում է այն կանխավարկածով, որ նրանք էլ, հալբաթ, իր պես սունկ կամ սերմ կերած, իրականությունից կտրված կլինեն, չեն խորանա թեմայի մեջ՝ իրենց զգալով զուգահռ իրականությունում, որտեղ «ցարն ու բոգը» Սամվել Կալուժսկին է՝ ջհանդամ թե գրպաններում պահում է Կիպրոսի ու ՌԴ-ի պասպորտները։
Հալյուցինացիայի թեմայի շրջանակում ևս մի հարց է ծագում՝ ի՞նչ քանակի սունկ, փուշ կամ սերմ պետք է կերած լինես, որ նույնիսկ ընտրությունների քարոզարշավը դեռ չսկսած՝ «մի ոտ» շուտ քեզ հռչակես ՀՀ ապագա վարչապետ։ Պաշտոն, որին հավակնելիս պետք է քեզ առնվազն նեղություն տաս ու ոտքերդ պարզես ժողովրդի քվեով ձևավորված «յորղանի» չափով, ոչ թե ընկնես երազների գիրկը՝ մոռանալով երազախաբության դաժան հետևանքների մասին։
Քաղաքական զրո կապիտալով, կառավարչական առումով դիլետանտ թիմով ու կարեկցանք հարուցող PR արշավով պայքարի մեջ մտած «Սամո զվանեցը», մեր տպավորությամբ, այսպես ասած՝ «թունելային մտածողության» կրող է։ Թունելային մտածողությունը կամ ռիգիդությունը կոգնիտիվ խեղաթյուրման ձև է, երբ մարդը պատրաստ չէ գործել պլանից դուրս։ Ռիգիդ մարդը ոչ ինքնուրույն ստեղծած, այլ հավաստի աղբյուրներից վերցրած կարծրատիպերի, գաղափարների, համոզմունքների պատանդն է։ Այս մասին է վկայում այն, որ ռուսաստանցի գործարարը ոչ մի կերպ չի պատկերացնում այլ տարբերակ, քան իր՝ վարչապետ դառնալը։ Նման անհիմն համոզվածություն երևի Պուտինն է ներշնչել՝ առաջնորդվելով այն կանխավարկածով, որ ՀՀ քաղաքացին շուն-շանգյալ է, բոշա, շալվար չունեցող, կգայթակղվի փողով, շալվար ունենալու շանսով, քյաբաբ-կոլա-պեռաշկիով, կլսի 300 հազար աշխատատեղերի մասին հեքիաթը, կահաբեկվի 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին լկտի ստից ու «ցեյտնոտի» մեջ ընկած՝ կգնա, կքվեարկի «պլան բ» չունեցող, բայց ՀՀ-ի ապագայի վերաբերյալ տագնապ հարուցող պլաններ ունեցող ուժեղ Սամոյի օգտին։
Ի դեպ, ասուլիսի սկզբում Կարապետյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը երբ ԱԺ-ում ելույթ է ունենում, հալյուցինոգեն սունկ է օգտագործում։ «Ձեզ ուզում եմ գաղտնիք բացեմ՝ վարչապետը անցյալ տարի երբ գնացել էր Չինաստան, դուք գիտեք՝ այդտեղ կան հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ գալյուցինացիա են առաջացնում։ Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր և իմ ինֆորմացիայով մոտավորապես 1 տոննա հետը առել, բերել ա Հայաստան։ Դրա համար ինքը երբ բարձրանում է կառավարության, ԱԺ ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերից և ինչ երազ որ տեսնում է, ինքը կարող է ամբիոններից դուրս տալ»։ Իսկ ասուլիսի կեսից արդեն, երբ վարչապետն արձագանքել էր սնկի մասին «բլթոցին»՝ խոստանալով դատի տալ ու իրավական առումով մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնել կալուգացի օլիգարխին, վերջինս հանկարծ «զադնի» դրեց։ Թե. «Ես ասեցի, որ ինֆորմացիա ունեմ, ես չասեցի՝ հաստատ Նիկոլ Փաշինյանը սունկ ա․․․ ես ասեցի՝ տենց ինֆորմացիա ունեմ․․․»։ Մենք էլ ինֆորմացիա ունենք, որ սնկի մասին ինֆորմացիան տված նույն աղբյուրն է իր մոտ կանչել Սամվել Կալուգացուն ու հավատացրել, որ ինքը լինելու է ՀՀ հաջորդ վարչապետը՝ նման անհավատալի ինֆորմացիան մարսելու համար ստիպելով «զակուսկա» անել ցնորածին սնկերի տեսականիով։
Հ. Մանուկյան







































