«Բարսելոնայի» դեմ սպասվող կիրակնօրյա «Էլ Կլասիկոյից» առաջ Մադրիդի «Ռեալի» ճամբարում իրավիճակը գերլարված է. մամուլի գլխավոր թեման թիմի կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի ծեծկռտուքն է։
Ֆրանսիական RMC Sport-ի փոխանցմամբ՝ կոնֆլիկտը ծագել էր դեռ չորեքշաբթի, երբ մարզման ժամանակ Չուամենին կոշտ հարվածել էր Վալվերդեին։ Չնայած ֆրանսիացու ներողությանը, ուրուգվայցին պատասխան հարվածով վրեժխնդիր էր եղել, ինչին հաջորդել էր լեզվակռիվ: Արդեն հինգշաբթի առավոտյան Վալվերդեն հրաժարվել է սեղմել թիմակցի ձեռքը։ Գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան փորձել է հարթել իրավիճակը՝ նրանց ընդգրկելով նույն թիմում, սակայն ապարդյուն։
Մարզումից հետո հանդերձարանում բանը հասել է իսկական ծեծկռտուքի. թիմակիցները ստիպված են եղել միջամտել։ Ընդհարման ընթացքում Վալվերդեն վայր է ընկել, գլխով ուժգին հարվածել սեղանին ու կորցրել գիտակցությունը: Լուրջ վնասվածք ստացած ֆուտբոլիստին գլխավոր մարզչի ուղեկցությամբ անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կարեր դնելուց հետո կարճ ժամանակ անց նրան տուն են ճանապարհել:
Տեղի ունեցածից հետո «Արքայական» ակումբը որոշել է պատժել երկու ֆուտբոլիստներին էլ: Այժմ հարցական է՝ կկարողանա՞ արդյոք թիմը հոգեբանորեն վերականգնվել առաջնության վճռորոշ խաղից առաջ։
Նշենք, որ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ռեալը» 2-րդն է՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 11 միավորով։ Եթե կիրակի օրը կայանալիք խաղում կատալոնացիները չպարտվեն, ապա ժամկետից շուտ կհռչակվեն Իսպանիայի չեմպիոն։






































