Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուին։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան–ԵԱՀԿ համագործակցության շարունակական զարգացումը, այդ թվում՝ տարբեր ոլորտներում Հայաստանի կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է վարչապետին գագաթնաժողովի անցկացման առիթով և նշել, որ այն վկայում է Հայաստանի նկատմամբ միջազգային մեծ ուշադրության մասին։ Ֆերիդուն Սինիրիօղլուի խոսքով՝ Հայաստանը կայուն պետություն է անհանգիստ տարածաշրջանում, ինչը նաև վարչապետ Փաշինյանի և ՀՀ Կառավարության աշխատանքի արդյունքն է։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ ամեն անգամ Երևան ժամանելիս տպավորվում է Հայաստանի արձանագրած առաջընթացով։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–ԵԱՀԿ համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված նախագծերին։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031