Այն մշակութային արժեքները, որոնք կրոնական են, առհասարակ օտարման ենթակա պետք է չլինեն: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Մայր Աթոռը ներկայացնող տարբեր հոգևորականներից տեսակետներ հնչեցին, որ իրենք ընդհանրապես դեմ են պաշտամունքային կառույցների որևէ կերպ օտարման ենթակա լինելուն:
Մենք չունենք փաստ, որ երբևէ որևէ կառույց օտարվել է: Այս նախագիծը ըստ էության հող չունի իր ոտքի տակ, ես այն դիտարկում եմ որպես Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ սանձազերծված արշավանքի, նսեմացման մի հատված: Սա մտացածին նախաձեռնություն է, ու այսպես, թե այնպես՝ սեփականության իրավունքի հետ որևէ խնդիր չի լուծում, գոնե եկեղեցու ժառանգության հատվածում»,- նշել է նա:
Պատասխանելով Լիլիթ Գալստյանին՝ Թագուհի Ղազարյանը, ով հայտարարել էր կրոնական հուշարձանների օտարման դեպքում Կառավարության հետ համաձայնեցնելու մասին, նշեց, որ սահմանադրականության հարց կա.
«Եթե խոստանաք, որ չեք վիճարկի Սահմանադրական դատարանում, կարող ենք փորձել այդ տարբերակով առաջ գնալ: Որքան էլ հուշարձանի մասին է խոսքը՝ տնօրինման սեփականության իրավունքի սահմանափակման հարց կա, որից ավելին անելն արդեն սահմանադրականության հետ խնդիրներ կառաջացնի»:





































