ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ ժամանել է Մար-ա-Լագո, բանակցությունների մեկնարկից առաջ լրագրողներին հայտարարել է, որ իր կարծիքով՝ վճռորոշը պատերազմն «արագ» ավարտելն է։
«Այն կա՛մ կավարտվի, կա՛մ կշարունակվի դեռ երկար ժամանակ, և ևս միլիոնավոր մարդիկ կզոհվեն։ Իսկ դա ոչ ոք չի ցանկանում,- ասել է նա։- Հավատում եմ, որ կարող ենք շատ արագ առաջ շարժվել»։
Թրամփը նաև հայտարարել է, թե հավատում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «լրջորեն տրամադրված է խաղաղության»։
«Չափազանց շատ մարդիկ են զոհվել, և կարծում եմ՝ երկու նախագահներն էլ ցանկանում են գործարք կնքել։ Ես իրոք հավատում եմ, որ մենք ունենք բոլոր նախադրյալները կնքելու մի գործարք, որը ձեռնտու կլինի Ուկրաինային, ձեռնտու կլինի բոլորին։ Դրանից կարևոր ոչինչ չկա»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա հավելել է, որ Ուկրաինայի համար անվտանգության «ուժեղ» համաձայնագիր կլինի, և «եվրոպական երկրները շատ ակտիվորեն մասնակցում են դրան»։
«Զգում եմ, որ եվրոպական երկրներն իրոք հիանալի էին, և նրանք շատ շահագրգռված են այս հանդիպմամբ ու գործարքի կնքմամբ։ Նրանք բոլորը հրաշալի մարդիկ են»,- ասել է Թրամփը։
Զելենսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին իրեն ընդունելու համար և նշել է, որ հույս ունի, որ բանակցությունները «հնարավորինս արագ խաղաղություն կբերեն»։






































