Կամբոջայի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ թաիլանդցի զինծառայողների շրջանում զոհերի թիվը հասել է ինի։ Եվս 120-ը վիրավորվել է, հաղորդում է «Սինհուա»-ն՝ հղում անելով Թաիլանդի պաշտպանության նախարարությանը։
Ըստ նրա տեղեկությունների՝ բախումների հետևանքով Թաիլանդի մոտ 200 հազար խաղաղ բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները։ Պաշտպանության նախարարությունը նաև պնդում է, որ զոհվել է երեք փախստական և ընդհանուր առմամբ ստեղծվել է ժամանակավոր տեղակայման 849 կետ։ Ըստ գերատեսչության տեղեկությունների՝ տուժել է մոտ 200 հիվանդանոց և կլինիկա։
Թաիլանդի և Կամբոջայի սահմանին դեկտեմբերի 7-ին բախումներ են սկսվե;՝ հրաձգային զենքի կիրառմամբ։ Թաիլանդի Թագավորական բանակը երկուշաբթի օրը հայտնել է, որ կամբոջական ուժերը վաղ առավոտյան հրետանային գնդակոծության են ենթարկել սահմանային գոտու թաիլանդական դիրքերը։ Թաիլանդի ռազմաօդային ուժերը ի պատասխան հարձակվել են Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքի վրա։ Թաիլանդի ցամաքային ուժերը հայտնել են, որ Կամբոջան երկուշաբթի և երեքշաբթի օրերին գնդակոծել է թաիլանդական տարածքը BM-21 համակարգերից, ինչպես նաև կիրառել է կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։ Թաիլանդի զինվորականները պատասխան կրակ են բացել՝ հիմնական տարածքների վրա վերահսկողություն հաստատելու և հակառակորդին վնաս հասցնելու նպատակով։






































