Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին բարձր դռնից հանձնարարեցին կամ պատվիրեցին ՝ Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանին անպայման պաշտոնանկ անել, գրում է «Սյունյաց երկիր» թերթը։
Թերթի կայքը գրում է. «Եվ սկսվեց մոտ մեկ տարի տևած արշավը․ որևէ նշանակություն չպիտի ունենար հանգամանքը, որ Կարեն Լազարյանը 16 տարի շարունակ անմնացորդ նվիրումով գլխավորել է 100-ամյա կրթօջախը, դարձրել հանրապետության ամենահեղինակավոր միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից մեկը՝ այդ ամենի համար քանիցս արժանանալով գերատեսչական պարգևների, ԿԳՄՍ նախորդ նախարարների, նաև Սյունիքի չպղծված, հայրենատեր ու քրիստոնյա մարզպետների դրվատանքին։
Կար հստակ հանձնարարություն, և դա պետք է կատարվեր․․․
Նախարարն էլ այն հեղինակությունն ու կշիռը, նաև ինտելեկտուալ ներուժն ու վաստակը չուներ, որ համարձակվեր հարցնել՝ իսկ ինչո՞ւ։
5 մարտի 2025 թ․, Կարեն Լազարյանը՝ սահմանված կարգով մեկամսյա դասընթացին Երևանում մասնակցելուց հետո, հերթական անգամ քննություն պիտի հանձներ՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ձեռք բերելու համար։
Ընդ որում՝ հավաստագրման ամբողջ գործընթացը պետք է կազմակերպվեր ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2014 թ․ հոկտեմբերի 6-ի N 974-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն, որով ճշգրտորեն սահմանված են քննության կազմակերպման բոլոր մանրամասները։
Նախապես՝ 2025 թ․ մարտի 4-ին, նախարարն արձակում է N 294-Ա հրամանը՝ հավաստագրման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին։
Փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ հանձնաժողովի նախագահ, նախարարության ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի ավագ մասնագետ Լուսինե Կիրակոսյանը՝ քարտուղար, նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը՝ անդամ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը՝ անդամ, Կրթության և գիտության աշխատողների արհմիության ճյուղային միավորման նախագահ Գրիգոր Ղարիբյանը՝ անդամ։
Քննության առաջին մասը՝ թեստավորումը կամ գրավոր քննությունը Կարեն Լազարյանը հանձնում է բարձր մակարդակով։
Այնուհետև հավակնորդների հետ անց է կացվում հարցազրույց կամ բանավոր քննություն։






































