Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 11–ի նիստում որոշեց ժամանակավորապես (6 ամսով) արգելել Հայաստանի տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։
Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։
Նշենք, որ այս արգելքը գործում է 2023 թվականից և այդ պահից մինչ օրս ՀՀ տարածքում արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 3 դեպք, մինչդեռ 2021 թվականին արձանագրվել է գողության 92 և 2022 թվականին գողության 40 դեպք։
Վերջին նման արգելքի ժամկետն ավարտվում է 2026 թվականի հունվարի 5-ին։ Այժմ առաջարկվում է երկարաձգել արտահանման արգելքը ևս 6 ամիս ժամկետով։






































