Հայաստանը 70.4 մլն եվրոյի նոր վարկ կստանա. Ժամկետը 5 տարի է. Ի՞նչ նպատակի է այն ծառայելու

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 11–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագրի վավերացմանը։

Այս համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերին, որով Բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 70.4 միլիոն եվրո՝ իսկ ՀՀ կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել հարկերը, տուրքերը, Ծրագրի իրականացման հետ կապված գործառնական ծախսերը և մնացած այն ծախսերը, որոնք վարկային միջոցներից թույլատրելի չէ իրականացնել։

Ծրագրի տևողությունը ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի է։ Համաֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը՝ 2026թ. մարտի 31–ը։

Նախատեսվում է նաև Ծրագրի համաֆինանսավորում Զարգացման ֆրանսիական գործակալության (Agence Française de Développement) կողմից:

Ծրագրի ուղղակի և անուղղակի շահառուներն են՝

գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերները և ջրօգտագործողների ընկերությունները (ՋՕԸ-ներ),

գյուղական համայնքների բնակիչները, որոնք կստանան բարելավված ջրամատակարարում և ջրահեռացում,

Ջրային կոմիտեն և «Ջրառ» ՓԲԸ-ն, որոնք կզարգացնեն կառավարման և պլանավորման կարողությունները,

տեղական ինքնակառավարման մարմինները և մարզային կառույցները,

քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչները։

Բազմափուլ ծրագրային մոտեցման (MPA) կիրառման հիմնավորումը

MPA-ը ներկայացնում է 10-ամյա ժամանակահատվածում իրականացվող ծրագիր՝ բաղկացած երկու փուլից, որը նպատակ ունի.

ուժեղացնել ինստիտուցիոնալ կարողությունները, հատկապես՝ ջրառ և ջրօգտագործող ընկերությունների և տեղական կառույցների կարողությունների զարգացման միջոցով,

ապահովել ծառայությունների ֆինանսական կայունություն՝ սակագնային բարեփոխումների, ծախսերի փոխհատուցման և մասնավոր հատվածի ներգրավման խթանման միջոցով,

օգտագործել տեղային և մասշտաբայնացման մեխանիզմներ՝ նախքան լայնածավալ ներդրումների իրականացումը (piloting and scaling),

ստեղծել բարենպաստ միջավայր մասնավոր ներդրումների համար։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031