Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 30–ի նիստում որոշում կայացվեց, որով առաջարկվում է ՀՀ սեփականություն հանդիսավող՝ Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի 1/1 սպայի տուն հասցեում գտնվող 2214․05 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրաբերել «Սիմոնյան կրթական հիմնադրամին» «Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոն» հիմնելու նպատակով։
Հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ նշելով. «Հիմնադրամը առաջիկա 3 տարիներին պատրաստվում է 1 մլրդ 800 մլն դրամի ներդրում իրականացնել այս տարածքում»,- ասաց նախարարը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ քանի՞ Թումո կենտրոն կա Հայաստանում և Հայաստանից դուրս: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նախ հիշեցրեց՝ 2011 թվականից է գործում կենտրոնը, և որ այս պահին ՀՀ տարածքում կա 6 կենտրոն, Վանաձորինը 7-րդն է:
Թումո կենտրոններից բացի՝ կան նաև 40 Թումո-տուփեր՝ ավելի փոքր կենտրոններ: Բոլոր կենտրոններում երեխաներն անվճար են սովորում: Ընդհանուր շահառուների թիվն այս պահին 21 հազար է, շրջանավարտների թիվը՝ մոտ 1000:
«Այս պահին Թումո կենտրոններ գործում են նաև Ֆրանսիայում, Ալբանիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Նիդերլանդներում, Արգենտինայում և ԱՄՆ-ում, և պլանների մեջ է, որ առաջիկայում բացվեն նաև այլ երկրներում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ վերջինը բացվել է Տոկիոյում:






































