ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին։
«Մենք ունենք պատմական շանս՝ ապահովելու ոչ միայն խաղաղ, այլև բարեկեցիկ և զարգացող Հարավային Կովկաս»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:
Վարչապետը իր խոսքում հիշեցրել է՝ 2023 թվականի հոկտեմբերին առաջին անգամ ելույթ ունենալով «Մետաքսի ճանապարհ» համաժողովին՝ հենց այդ հարթակից է առաջին անգամ ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ստացել է միջազգային գործընկերների աջակցությունը:
Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ արձանագրել է, որ այս առումով մենք մեծ հաջողություններ ունենք:
«2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահը և ես ընդունեցինք Խաղաղության հռչակագիր, որը որպես վկա ստորագրեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Հռչակագրում հատուկ անդրադարձ կա տարածաշրջանի կապուղիներին»,- հիշեցրել է վարչապետը՝ ընդգծելով՝ Ադրբեջանը այս առումով կարևոր քայլ է արել․ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները:
Ըստ վարչապետի՝ սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը:
«Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան՝ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ:
Այս գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերը ուղղել նաև Ղազախստանի նախագահին և Վրաստանի վարչապետին»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ նախօրեին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով ՀՀ կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։