Որևէ իրավախախտում չպիտի վրիպի տեսադաշտից. հանրային ընկալումը ՀՀ-ում մեծապես ձևավորվում է Սյունիքից. Կիրակոսյան

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության 6-ամսյա գործունեությունն ամփոփվել է մարզային վարչության Կապանի տեղամասում: Հիշեցնենք, որ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության պաշտոնական մեկնարկը տրվել է 2025 թվականի ապրիլի 11-ին:

Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ ընդգրկուն և հագեցած գործակարգավարական խորհրդակցություն է տեղի ունեցել Սյունիքի մարզային վարչության ողջ անձնակազմի հետ:

Խորհրդակցության մեկնարկին ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Սյունիքի մարզ այցի նպատակն է էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության շրջանակներում մոնիթորինգային աշխատանքների իրականացումը՝ ուղղված վարչության աշխատանքային գործունեության վերլուծությանը, ընթացիկ գործընթացների գնահատմանը, ինչպես նաև ապագա քայլերի ավելի արդյունավետ պլանավորմանը։

Ծառայության ղեկավարը շեշտել է Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը և ընդգծել, որ այն ունի առանձնահատուկ տեղ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ էկոպարեկային ծառայության առաջին մարզային վարչությունը պաշտոնապես գործարկվել է հենց այստեղ և դիտարկվում է որպես կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մեկնակետ։

Սյունիքի մարզային վարչության պետ Սասուն Մանուկյանը նշել է, որ իրենց ամենօրյա գործունեության ընթացքում ակներև է դառնում, որ հասարակության շրջանում ձևավորված է դրական վերաբերմունք ծառայության նկատմամբ և իրենք անում են ամեն բան եղած լավը պահելու և կատարելագործվելու ուղղությամբ:

Հաջորդիվ մարզային վարչության ղեկավար կազմը ներկայացրել է իրենց պատասխանատվության գոտում վարչության պաշտոնական գործարկումից մինչ օրս իրականացված գործնական քայլերը, արձանագրված արդյունքներն ու ցուցանիշները, ներկայացվել է իրավախախտումների արձանագրման վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն՝ ըստ տեղամասերի: Այնուհետև ներկայացվել են մարզային վարչության անձնակազմի կողմից մշակված օրենսդրական բարեփոխումների առաջարկներ, որոնք ըստ մարզային վարչության պետ Սասուն Մանուկյանի, ձևավորվել են ամենօրյա աշխատանքային գործունեության ընթացքում վերլուծություններ անելու արդյունքում:

Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն ընդգծել է՝ առանցքային է այն հարցը, որ որևէ իրավախախտում չպետք է վրիպի ծառայողների տեսադաշտից, իսկ թերացումները պետք է բացառվեն: Նա նշել է, որ թեպետ կարևոր է նաև իրավախախտումների բացահայտումը, բայց մեր գործունությունն առավել պետք է կենտրոնանա կանխարգելման ուղղության վրա: Կիրակոսյանը նշել է նաև, որ Սյունիքի մարզային վարչության գործունեությունը ծառայում է որպես ծառայության ամբողջական պատկերի արտացոլում:

«Սյունիքի մարզային վարչությունը ծառայության հայելին է, հանրային ընկալումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեծապես ձևավորվում է հենց Սյունիքից: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ ամենօրյա ռեժիմով սեփական գիտելիքները և կարողությունները զարգացնելու, ոլորտին առնչվող օրենքների գերազանց տիրապետման անհրաժեշտություն ունենք: Մենք պետք է բնությանը մոտենանք հոգատարությամբ, սիրով և հասկականք, որ մեր առաքելությունն ապագա սերունդներին առողջ բնություն և հարուստ կենսաբազմազանություն փոխանցելու առաքելություն ունենք»,- ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ Էկոպարեկային ծառայողի աշխատանքը ոչ միայն պատասխանատու է ու դժվար, այլ նաև գրավիչ և չափազանց հետաքրքիր:

Անդրադարձ է եղել նաև կանանց ներգրավվածության դրական միտմանը՝ ընդգծելով, որ կանանց աճող մասնակցությունն էկոպարեկային ծառայության գործունեության մեջ ոչ միայն հարստացնում է թիմային մտածողությունն ու աշխատանքի որակը, այլև արտացոլում է պետության որդեգրած ներգրավող և հավասար հնարավորություններ ապահովող քաղաքականության ուղղվածությունը։

Հանդիպման ավարտին Վլադիմիր Կիրակոսյանը ծառայակիցներին հորդորել է շարունակաբար վեր հանել առկա խնդիրները, հետևողականորեն ձգտել դրանց լուծմանը, հանդես գալ նախաձեռնողականությամբ, տրամաբանված քայլերով և նպատակաուղղված առաջարկներով։ Ծառայության յուրաքանչյուր աշխատող, անկախ զբաղեցրած պաշտոնից, պետք է առաջնորդվի այն համոզմամբ, որ իր աշխատանքը, իր ներդրումն ուղղված է պետականության ամրապնդմանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031