Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ինժեներական քաղաքի Բիզնես աքսելերատորի շենքի պաշտոնական բացման արարողությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ինժեներական քաղաքի Բիզնես աքսելերատորի շենքի բացման արարողությանը, շրջայց կատարել շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին:

Այս մասին նշված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

«Տեղեկացվել է, որ շենքի և ավտոկայանատեղիների կառուցման, տարածքի բարեկարգման, ինչպես նաև սարքավորումների և կահույքի ձեռքբերման համար 2024 թ. ծախսվել է 810.4 մլն դրամ, իսկ 2025թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ շուրջ 1.2 մլրդ դրամ: Միջոցները հատկացվել են ՀՀ պետբյուջեից»,-ասված է հաղորդագրության մեջ:

 Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Շառլ Ազնավուրի անվան Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն, որտեղ ներկայացվել են առկա հնարավորություններն ու կենտրոնի գործունեությունից ակնկալվող արդյունքները: 

Վարչապետը ծանոթացել է նաև «Հայաստան–Ճարտարագիտական շաբաթ» ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներին և նմուշներին, PMI Science ինժեներական լաբորատորիաների գործունեությանը: 

Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին: Դրանք վերաբերել են ոլորտի հետագա զարգացմանը, ՀՀ Կառավարության արտաքին բալանսավորված և բալանսավորման քաղաքականությանը, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը և այլ թեմաների:

 Ինժեներական քաղաքը պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործուն և առանցքային աջակցությամբ, Համաշխարհային բանկի, Ինժեներական ասոցիացիայի և մասնավոր հատվածի մի շարք ընկերությունների հետ համագործակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել բարձր տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում, ձևավորելով ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ՝ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաների համար։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031