Կառավարությունը հոկտեմբերի 2-ի նիստում որոշել է լրացուցիչ 12 մլն 587 հազար դրամ հատկացնել հիփոթեքային վարկի վճարված տոկոսների վերադարձն ապահովելու համար։
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024 թվականի վերջին ամիսներին արձանագրվել է վարկառուների (համավարկառուների) կտրուկ աճ, որը հանգեցրել է վերադարձման ենթակա գումարների ծավալի սպասվածից ավելի աճի, որով էլ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել 2025 թվականի պետական բյուջեի չորրորդ եռամսյակում նախատեսել լրացուցիչ միջոցներ՝ վերադարձման գործընթացը իրականացնելու համար։
Մասնավորապես ծրագրից օգտվող շահառուների թվաքանակը 2024 թվականի ընթացքում կազմել է 49,973, իսկ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արդեն իսկ կազմել է 61,954:
Հատկանշական է, որ 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին արդեն իսկ վերադարձվել է 69 մլն 760 հազար դրամ, որից 2025թ. 1-ին եռամսյակի ընթացքում՝ 21,37 մլն դրամ, 2-րդ եռամսյակի ընթացքում՝ շուրջ 24 մլն դրամ և հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում 24,4 մլն դրամ։ Ընդ որում՝ 2025թ. 3-րդ եռամսյակի ընթացքում կանխատեսվում է, որ կվերադարձվի 25,3 մլն դրամ։