Փաշինյանը դատապարտել է Փարաքար համայնքի ղեկավարի սպանությունը և իրավապահներին կոչ է արել շուտափույթ բացահայտել հանցագործությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Մերձավանում տեղի ունեցած զինված հարձակումը, որի հետևանքով զոհվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը։ Վարչապետը հայտարարել է, որ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։

  Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

 «Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետեւանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը եւ նրա ընկերը։ Եւս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ցավակցում եմ սպանվածների հարազատներին եւ Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ 

ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։ 

Նաեւ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։ Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետեւություններ»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930