Երուսաղեմի շրջանային դատարանը չեղարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ քրեական գործով երկուշաբթի և երեքշաբթի օրերին նախատեսված ցուցմունքները, քանի որ նա ներկայումս տառապում է սննդային թունավորումից։ Սա նշանակում է, որ նա ցուցմունք չի տա մինչև սեպտեմբեր, քանի որ դատարաններն ամառային արձակուրդի են գնում, հայտնում է Times of Israel-ը։
Նեթանյահուի փաստաբան Ամիթ Հադադը խնդրել է հետաձգել այս շաբաթվա լսումներն այն բանից հետո, երբ նախորդ գիշեր վարչապետի ինքնազգացողությունը վատացել է փչացած սնունդ օգտագործելուց հետո։ Պետական դատախազությունը համաձայնել է, սակայն խնդրել է, որ նա ցուցմունք տա չորեքշաբթի և հինգշաբթի օրերին։
Սակայն դատարանը հայտարարել է, որ կչեղարկի, այլ ոչ թե կհետաձգի լսումները, քանի որ դրանք չեն կարող անցկացվել այս շաբաթ ավելի ուշ՝ ժամանակացույցի անհամապատասխանության պատճառով։
Սա նշանակում է, որ Նեթանյահուն ցուցմունք տալու համար կկանչվի ամենավաղը սեպտեմբերին, քանի որ այս շաբաթ դատարանում սկսվում է արձակուրդ, որը կտևի մինչև սեպտեմբերի 5-ը։
Նեթանյահուի ցուցմունքները բազմիցս հետաձգվել են անցյալ տարվա դեկտեմբերին սկսվելուց ի վեր՝ վարչապետի առողջական խնդիրների, Գազայում շարունակվող պատերազմի, Իրանի վրա հարձակման, ինչպես նաև արտասահմանյան դիվանագիտական ուղևորությունների և վարչապետի պաշտոնում Նեթանյահուի ընդհանուր պարտականությունների պատճառով։