ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի միջև կառուցվող արագընթաց երկաթուղու նախագծի դաշնային ֆինանսավորումը դադարեցվում է։ Այս նախագիծը նախաձեռնվել է 2008 թվականին Կալիֆոռնիայի այն ժամանակվա նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի կողմից։ Թրամփը քննադատել է աճող նախահաշիվները և իրականացման ձգձգված ժամկետները։
X-ի իր էջում Թրամփը գրել է. «ԱՄՆ-ի հարկատու աշխատասեր քաղաքացիներին ես ուրախությամբ հայտնում եմ, որ պաշտոնապես ազատում եմ բոլորին այս աղետալիորեն գերթանկարժեք կալիֆոռնիական «դեպի անորոշություն գնացող արագընթաց գնացքի» ֆինանսավորումից։ Այն երկաթուղին, որը մեզ խոստացել էին, դեռևս չկա և չի էլ լինի։ Այս նախագիծը չափազանց թանկ է ստացվել, այն խիստ կարգավորված է եղել և դեռևս չի իրականացվել։ ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆիի շնորհիվ դաշնային գումարներից ոչ մի ցենտ այլևս չի գնա այս խարդախության վրա»։
Նախկինում Թրամփի վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է վերանայել Բարաք Օբամայի և Ջո Բայդենի որոշումները, որոնք նախատեսում էին երկաթուղու կառուցման համար հատկացնել 4 միլիարդ դոլար։ Հունիսին ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը հրապարակել է զեկույց, որտեղ «ժամկետների չպահպանման, բյուջեի գերազանցման և կանխատեսվող ուղևորահոսքի չափազանցման» համար նախագծի իրականացումը կոշտ քննադատության է արժանացել։ Նախարարությունը նշել է, որ առաջին հատվածի՝ Բեյքերսֆիլդ և Մերսեդ քաղաքները կապող երկաթուղու ավարտը դժվար կայանա մինչև 2033 թվականը, մինչդեռ ժամանակացույցի պահպանումը դաշնային համաֆինանսավորման կարևոր պայմաններից մեկն է։
Նախագծի առաջին փուլի համար՝ Սան Ֆրանցիսկոյից մինչև Անահայմի հանգույցը պետք է ունենար 795 կմ երկարություն, իսկ ծախսերը պետք է կազմեին 33 միլիարդ դոլար և այն նախատեսվում էր ավարտել 2020-ական թվականներին։ Սակայն այժմ նախագծային արժեքը հասել է 128 միլիարդ դոլարի, իսկ տրանսպորտի նախարար Դաֆին հայտարարել է, որ նախահաշիվը կարող է աճել մինչև 135 միլիարդ դոլար։