Ավտոցիստեռնը շրջվել է Ողջի գետը. իրականացվում են վերահսկողական միջոցառումներ՝ կանխելու հնարավոր բնապահպանական վնասները

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 16-ին ժամը 21:39-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, բեռնատարը ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը (ավտոցիստեռն՝ բեռնված 23 տոննա մազութով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին․ կցորդիչը առանձնացել է բեռնատարից և մասամբ հայտնվել Ողջի գետում: Ցիստեռնի վնասման հետևանքով տեղի է ունեցել արտահոսք:

Փրկարարներին հաջողվել է դադարեցնել մազութի արտահոսքը։

Իրականացվել են անվադողերի հովացման և ավտոճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. սահմանվել է հերթապահություն:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ (ավտոկռունկ) կցորդիչը գետից դուրս է բերվել և փոխադրվել է բեռնատարի վրա:

Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ, կիրառելով համապատասխան տեխնիկական միջոցներ՝ փրկարարները կիրականացնեն գետը թափված մազութի հավաքման և մաքրման աշխատանքներ:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի մասնագետները դեպքի վայրում իրականացրել են ջրի նմուշառում՝ Ողջի գետի ջրի որակի նախնական գնահատման նպատակով։ Նմուշները կուղարկվեն լաբորատոր վերլուծության՝ աղտոտվածության աստիճանն ու տարածման չափերը պարզելու համար։ Հետագա գործողությունները կսահմանվեն ստացված արդյունքներից ելնելով։

Դեպքի առնչությամբ իրականացվում են նաև վերահսկողական միջոցառումներ՝ կանխելու հնարավոր բնապահպանական վնասները և ապահովելու շրջակա բնակավայրերի էկոլոգիական անվտանգությունը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031