«Ժողովուրդ». Լեւոն Քոչարյանի օգնականը բացատրություն է ներկայացրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանության դեպքով բացատրություն է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավարին։

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, նա իր բացատրության մեջ հայտնել է. «Նշված է, թե ես, իբր, անհարկի միջամտել եմ Ազգային ժողովի բնականոն աշխատանքին։ Ցանկանում եմ պարզաբանել, որ դեպքի օրը, երբ ես մոտեցա նիստերի դահլիճի դռան մոտ, այնտեղ արդեն իսկ խառնաշփոթ իրավիճակ էր. տեղի էր ունենում ծեծկռտուք, պատգամավորները միմյանց հասցեին հնչեցնում էին վիրավորական արտահայտություններ. ներողություն եմ խնդրում արտահայտությունների համար, սակայն անհրաժեշտ եմ համարում մեջբերել դրանցից մի քանիսը՝ «*անդոն», «**ող», «*ոզի տղա», «*ու*եմ լավդ» եւ նմանատիպ այլ վիրավորական խոսքեր, որոնք ուղեկցվում էին միմյանց նկատմամբ ֆիզիկական գործողություններով՝ ձեռքով, ոտքով հարվածներով, ինչպես նաեւ շշերի հարվածներով։

Եթե նշված պայմաններում ինձ վերագրվում է անհարկի միջամտություն Ազգային ժողովի բնականոն աշխատանքին, ապա առաջանում է հիմնավոր կասկած, որ Ձեր ընկալմամբ՝ հենց այդ խառնաշփոթն ու բռնության դրսեւորումներն են համարվում «բնականոն աշխատանք», ինչը բացարձակապես հակասում է թե՛ ՀՀ Սահմանադրությանը, թե՛ ԱԺ կանոնակարգ-օրենքին։

Իմ վարքագիծը տվյալ պահին միտված է եղել իրավիճակը հանդարտեցնելուն։ Չեմ փորձել որեւէ պաշտոնատար անձի հրմշտել կամ դիմադրել ՊՊԾ ծառայողներին։ Ընդհակառակը՝ փորձել եմ աջակցել նրանց աշխատանքին։ Նույնիսկ խոսակցություն եմ ունեցել ՊՊԾ աշխատակցի հետ՝ նշելով, որ համակարծիք եմ՝ ներս չեն կարող մտնել կողմնակի մարդիկ, եւ առաջարկել եմ աջակցություն, որպեսզի պատգամավորներին բաժանելու գործընթացն ընթանա կազմակերպված՝ հանուն բոլորի անվտանգության։

Տեղում զրույց եմ ունեցել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ, որը, իմ համոզմամբ, անցել է իրեն վերապահված լիազորությունների սահմանը՝ դրսում տրված հրահանգներով։

Մասնավորապես, նա բղավում էր կանանց վրա՝ «իջի ստեղից», «գնա ստեղից» (ներկայացնում եմ որպես մեջբերում) արտահայտություններով, ինչին ի պատասխան իմ կողմից արձագանք ստացավ դրա վերաբերյալ. նշեմ, որ նրան չեմ պատասխանել ԱԺ-ում այդ պահին տարածվող բառապաշարով, այլ փորձել եմ նրա գոռոցին համապատասխան, բայց զսպված պատասխանով հանդարտեցնել: Սակայն նա հրահանգում էր ՊՊԾ աշխատակիցներին ինձ հեռացնել ԱԺ շենքից՝ նշելով. «ձեռքերը ծալելով, գետնին շաղ տալով՝ հեռացրե՛ք»։

Հորդորում եմ պահանջել նմանատիպ բացատրագիր հենց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից՝ պարզելու, թե նա ինչ իրավական հիմքով եւ ինչ լիազորությամբ էր նման հրահանգներ տալիս ՊՊԾ ծառայողներին։

Ի դեպ, իմ նկարագրածին կարող եք ծանոթանալ հանրային աղբյուրներում հրապարակված բազմաթիվ տեսանյութերով։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ տրամադրել համապատասխան հղումները»:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի՝ ԱԺ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնել էին, որ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի կողմից ծանուցագիր է ստացել, որ գրավոր բացատրություն ներկայացնի, թե ինչ է տեղի ունեցել:

Ծանուցման մեջ, մասնավորապես, ասվում է, որ Արթուր Սուքոյանը գրավոր բացատրություն պետք է ներկայացնի՝ «ՀՀ ԱԺ վարչական տարածքում ներքին կարգապահությունը խախտելու մասին, մասնավորապես 2025 թվականի հուլիսի 8-ին ԱԺ նիստերի դահլիճի մուտքի հատվածում պաշտոնատար անձանց հետ վիճելու, քաշքշելու, անզուսպ վարքագիծ ցուցաբերելու, Ազգային ժողովի բնականոն աշխատանքը անհարկի միջամտելու, վիրավորական արտահայտություններ հնչեցնելու պահպանության ծառայողի պահանջները չկատարելու հանգամանքների վերաբերյալ»։

Ի պատասխան ծանուցագրի՝ ԱԺ է ուղարկվել օգնականի բացատրությունը։ Ինչով կավարտվի այս ամենը՝ դժվար է ասել. կհետեւենք իրադարձությունների զարգացմանը»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031