Հայաստանը հետաքրքրված է ռուսական շուկա գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման ընդլայնմամբ։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ։
Նրա խոսքով՝ հայ արտադրողները կարող են արտադրել որակյալ արտադրանք, որը պահանջարկ ունի նաև Ռուսաստանում։ Սակայն, արտահանումը հաջողությամբ մեծացնելու համար անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել լոգիստիկային և կոնսոլիդացիային։
«Գյուղատնտեսական համալիրում որակյալ արտադրողները, որպես կանոն, փոքր և միջին ձեռնարկություններն են։ Համաշխարհային շուկաներ, այդ թվում՝ Ռուսաստանի մեծ շուկա մուտք գործելու համար նրանց անհրաժեշտ են զգալի ռեսուրսներ և համակարգում», — նշել է Գրիգորյանը։
Նրա կարծիքով, կարևոր է խթանել լոգիստիկ կենտրոնների ստեղծումը, արտադրանքի կոնսոլիդացիայի համակարգերի զարգացումը և «անխափան» մատակարարումների ապահովումը։
Նա նաև ընդգծել է, որ ռուսական կողմը ակտիվորեն աշխատում է այդ խնդիրների լուծման ուղղությամբ և օգնություն է ցուցաբերում լոգիստիկ հարցերում։
«Արտադրության և արտահանման աճի առումով մենք որևէ սահմանափակում չենք տեսնում», — հավելել է փոխվարչապետը։