Նոր որոշում. սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20–ի նիստում Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին որոշում կայացրեց։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը բխում է Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից:

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա 2022 թվականին՝ 4700 տոննա 2023 թվականին՝ 3974 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա, 2023 թվականին՝ 600 տոննա, 2024 թվականին՝ 679 տոննա, 2025 թվականին՝ 314 տոննա մինչև հունիսի 1-ը): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում։

Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 2-ից և գործում է վեց ամիս ժամկետով։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30