Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում Գյումրիում մշակութային ակտիվություն էր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թանգարանները զարմացրին իրենց այցելուներին ոչ միայն թանգարանային ցուցադրություններով, այլև մշակութային ծրագրերով՝ տարբեր մշակութային կառույցների հետ համագործակցությամբ։
Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում տոնական մթնոլորտն ապահովված էր դասական ու ժողովրդական երաժշտության հնչյուններով։ Որպես հաճելի անակնկալ՝ առաջին անգամ ժամանակավոր ցուցադրությամբ ներկայացվել էր աշխարհահռչակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի լուսանկարներից մեկը։
«Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեր թանգարանը մեծ շուքով նշում է Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» միջոցառումը։ Թանգարանի բակն ավանդականորեն լեցուն է այցելուներով. շատերը գալիս են ընտանիքով, ունենք նաև բազմաթիվ հյուրեր արտերկրից։ Անակնկալները շատ են՝ բացառիկ ցուցադրություն՝ «Ձիթողցյան գերդաստանի հայտնի և անհայտ էջերը», պլեներային նկարչություն երեխաների համար։ Միշտ փորձում ենք այս օրը հաճելի դարձնել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ Օրվա ընթացքում «Էտյուդ» ստուդիայի սաները թանգարանում վերակենդանացրին 19-րդ դարի շունչը, իսկ թանգարանի բակում կազմակերպվել է գյումրեցի վարպետների աշխատանքների ցուցադրություն։ Փորձում ենք տարբեր ճաշակի մարդկանց համար թանգարանային այցն այս օրերին էլ ավելի հետաքրքիր դարձնել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թանգարանի փոխտնօրեն Քրիստինե Պողոսյանը։
Մշակութային ակտիվություն էր նաև «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ Թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը ևս վստահեցրեց՝ օրը տոնական է ու անակնկալներով լի՝ Հայոց Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի և Շիրակի երկրագիտական թանգարանի հետ համագործակցությամբ կազմակերպվել է ժամանակավոր ցուցադրություն՝ «Հայ կինը՝ Հայոց ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով, որը բաց կլինի այցելուների համար մինչև հուլիսի 4-ը։ Թանգարանի ցուցադրությունների շարքում ընդգրկվել է նաև ալեքսանդրապոլցի մեծահարուստ Մկրտիչ Մկրտչյանի ընտանիքին պատկանող անհատական հավաքածուի ցուցադրությունը։ Ցուցադրություններին զուգահեռ՝ համայնքապատկան ցուցասրահում անցկացվել է դասական երաժշտության համերգ՝ Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ։
«Կրելաբ Շիրակ»-ը ներկայացրել էր «Labs for change» ցուցադրությունների շարքը Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում։ Երեկոյան պատկերասրահի բակում տեղի ունեցավ դասական համերգ՝ նվիրված Երանուհի Ասլամազյանի 115-ամյակին։
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում մեկնարկեցին «Իսահակյան-150» հոբելյանական միջոցառումները՝ Մտորումների թատրոնի «Ալագյազի մանիներ» առաջնախաղով։
Մինչև կեսգիշեր ակտիվություն էր նաև Գյումրու մյուս թանգարաններում։