Բաքուն կրկին խաղաղության գործընթացի «խոչընդոտներն» է նշել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Աստանայում, Ղազախստանի փոխվարչապետ և արտգործնախարար Մուրատ Նուրթլեուի հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին:

AzerTac պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Բայրամովը դարձյալ խոսել է, թե, ըստ Բաքվի տեսակետի, ինչն է խոչընդոտում խաղաղության գործընթացին:

«Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ անցած մեծ ճանապարհին, ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Հայաստանի Սահմանադրության շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, Հայաստանի սպառազինումը և ռևանշիզմի միտումը շարունակում են մնալ խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտը»,- ընդգծել է Բայրամովը:

Հայկական կողմը փետրվարի վերջին ստացել է խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրումը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ չհամաձայնեցված երկու կետ կա և այդ երկու կետերի վերաբերյալ Երևանն առաջարկներ էր արել։ Բաքվից 12-րդ խմբագրումը ստանալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխանցել էր՝ դրանք մնում են չհամաձայնեցված:

Հաղորդվել էր, որ կողմերը դեռևս չէին համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։

Պաշտոնական Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվին՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ, մատնանշելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը, որտեղ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -