Խաղաղության պայմանագիր չի լինի, ամենաշատը՝ դիվանագիտական կապերի վերականգնման փաստաթուղթ. Բեգլարյան

Այդ հնարավոր փաստաթուղթը չի կարող լինել խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր, դա լավագույն դեպքում լինելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կամ կարգավորման փաստաթուղթ, բայց ոչ խաղաղության համաձայնագիր։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Քաղաքական դատավարությունները Բաքվում, ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ժամանակ նշեց Արցախի նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով, խաղաղության համաձայնագիր ենթադրում է լայն խաղաղության համաձայնագիր, որտեղ հակամարտության բոլոր հիմնական բաղադրիչները հասցեագրվելու են և լուծում են ստանալու. «Առնվազն սկզբունքային մակարդակում պետք է անդրադարձ լինի հակամարտության բոլոր հիմնական հարցերին։ Գերիների հարցը ամենափոքր հարցերից է և ամենահեշտ լուծվողներից։ Մենք ունենք Արցախի ժողովրդի վերադարձի հարցը, Արցախի ժողովրդի սեփականության պաշտպանության հարցը, մշակութային ժառանգության պաշտպանության հարցը: Մի շատ մեծ կտոր արդարադատության հարցն է ամբողջ հակամարտության ընթացքում: Թե դա կլինի ուղղակի ճշմարտության հանձնաժողովի միջոցով՝ պատմական փաստերը ամրագրելով, փոխադարձ հաշտեցման գործընթաց մեկնարկելով, թե միջազգային քրեական դատավարական գործընթացներ սկսելով, թե այլ ուղղություններով, դա պետք է քննարկել քաղաքական մակարդակում: Բայց այս հարցերը չպետք է անտեսվեն»,-ասաց նա:

Մեկ այլ խնդիր է, ըստ Բեգլարյանի, հակամարտության բուն գաղափարախոսական հիմքը, որը Ադրբեջանում տիրապետող հայատյացության պետական քաղաքականությունն է. «Առայսօր Ալիևը ոչ միայն պահպանում է, այլ նաև ավելի է ակտիվացնում, ինտենսիվացնում այս քաղաքականությունը: Այս պետական գաղափարախոսության առկայության պայմաններում ուղղակի հնարավոր չէ խաղաղության մասին խոսել, դա ծաղր է։ Միջազգային միջնորդներն ու Հայաստանի իշխանությունները, որոնք անտեսում են այս հարցերը, իրենք ուղղակի երկարաձգում են հակամարտության թեժ փուլը, բայց Ալիևը դա չի հետաձգում: Ալիևը շատ լավ գիտակցում է, որ այս բանակցությունները և միգուցե մեկ օր դրա ստորագրումը, ուղղակի մարտավարական հաջողություններ են իր համար և ոչ ավելին, սակայն ինքը պահպանելու է հայատյացության քաղաքականությունը, եթե դրա դեմ շատ ակտիվ գործողություններ չկատարվեն»:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031