ՆԳՆ-ի զգուշացումն` ամանորյա հրավառության վերաբերյալ

Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ Գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս, պետք է գործել օրենքով և կարևորել հանրային անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

«Հրավառություն կազմակերպելիս հարկավոր է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի դրույթներով և ունենալ լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության համապատասխան թույլտվությունը։

Քայլերի հաջորդականությունը հետևյալն է․

1) Իրավաբանական անձինք պետք է ձեռք բերեն լիցենզիա հրագործական արտադրատեսակների ներմուծման, ինչպես նաև կենցաղային նշանակության III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման համար,

2) Անցանկալի հետևանքներից խուսափելու համար իրավաբանական անձինք բացի լիցենզիա ստանալուց պետք է նաև ձեռք բերեն համապատասխան թույլտվություն։

3) Հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծումը և կիրառումը ՆԳՆ-ի կողմից թույլատրվում են բացառապես պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար։ Օրինակ՝ հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ տեղի ունեցած հրավառությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, այսինքն հրավառություն իրականացնող ընկերությունը ունեցել է լիցենզիա և ստացել է ՆԳՆ-ի կողմից համապատասխան թույլտվությունը։

Հորդորում ենք հրավառություն իրականացնող կազմակերպություններին ունենալ համապատասխան լիցենցիա, միաժամանակ հրավառություն իրականացնելու համար ձեռք բերել նաև թույլտվություն։

ՆԳ նախարարությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում նաև մինչ հրավառությունը և խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031