Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպման համար իրական ազդակներ չկան, հաղորդել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հարցին, թե կա՞ հանդիպման հնարավորություն նախքան Թրամփի երդմնակալությունը, Պեսկովը պատասխանել է․ — «Առայժմ իրական ազդակներ չեն եղել»։
Նախագահական ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարեց, որ կխոսի թե՛ Պուտինի, թե՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Ուկրաինայում պատերազմի հնարավոր ավարտի հարցով՝ նշելով, որ «փորձում են կանգնեցնել այս սարսափելի պատերազմը և որոշ փոքր առաջընթաց կա»։
Թրամփը Զելենսկու հետ վերջին անգամ հանդիպել է դեկտեմբերի 7-ին Փարիզում։ Այս հանդիպումից հետո նա Ուկրաինային և Ռուսաստանին խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել։ Ապա տեղեկություններ եղան, թե Թրամփը խոսել է նաև Պուտինի հետ։ Ո՛չ Կրեմլը, ո՛չ Թրամփը չեն հաստատել կամ ուղիղ հերքել այս տեղեկությունը։
Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ քանիցս հայտարարել է, որ մտադիր է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը։