Բաքուն դեռ չի արձագանքել հաղորդակցությունների բացման հարցով Երևանի առաջարկներին. փոխվարչապետ

Բաքուն մինչ օրս պաշտոնապես չի արձագանքել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցով Երևանի առաջարկներին, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր հայտնեց Հայաստանի փոխվարչապետը: Մհեր Գրիգորյանը, սակայն, հրաժարվեց մանրամասնել, թե կոնկրետ ինչ առաջարկների մասին է խոսքը:

«Ես տեղյակ եմ, թե ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չկա, չեմ ցանկանում բացել դրանց բովանդակությունը», — ասաց փոխվարչապետը։

Չնայած հայկական կողմի առաջարկներին՝ Ադրբեջանը շարունակում է խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից», արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Բաքուն չի համաձայնում, որ ապաշրջափակումից հետո ճանապարհները գործեն յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, Մհեր Գրիգորյանը պնդեց, թե Հայաստանի համար այս հարցում գոյություն ունեն անշրջանցելի կարմիր գծեր։

«Բազմիցս կրկնել ենք, որ կան կարմիր գծեր, որոնց հատումը ուղղակի անհնար է։ Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել և մեկնաբանել այդ տերմինը։ Չի լինելու նման բան։ Մենք շարունակաբար կրկնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո», — հավելեց փոխվարչապետը:

Նոյեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Երևանը Բաքվին գրավոր առաջարկ է արել կոմունիկացիաների բացման հարցով՝ ընդգծելով՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ունենալ փոխադարձ ընդունելի լուծում:

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ Երևանն ու Բաքուն բանակցում են արդեն չորս տարի, առայժմ՝ անարդյունք: Հայկական կողմը դեմ է միջանցքային տրամաբանությանը, իսկ Ադրբեջանն այս տարիներին, կիրառելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը, առանց ստուգումների անցում է պահանջում Սյունիքով դեպի իր էքսկլավ Նախիջևան։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031