Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսչական մարմիններին հանձնարարեց ստուգել քաղաքացիների քայլելու համար անհարմարություն առաջացնող՝ մայթերի եզրերին տեղակայված օբյեկտների հետ կապված հարցը:
Փաշինյանը նման հանձնարարական տվեց կառավարության նիստում:
Վարչապետը կիսվեց Հայաստանի բնակավայրերից մեկում իր ունեցած զբոսանքից ստացած տպավորություններով: «Մայթով քայլելու ընթացքում ես ստիպված էի քայլել ժավելների, քսայուղերի, տարաների արանքներով, որովհետև դրանք ուղղակի մայթերին շարած վաճառում են»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց՝ Հայաստանում բիզնեսը շատ լավ ծաղկում է, ինչի համար կառավարությունն ուրախ է: Սակայն Փաշինյանը նկատեց, որ ավտոմեքենաների լվացման «Լվա ինքդ» կետերը շատ դեպքերում տեղակայված են մայթի եզրին, ջրի շիթերը դուրս են գալիս դեպի մայթ:
«Սա լրջագույն խնդիր է: Երևանում ևս նման իրավիճակներ կան, երբ մայթի եզրին են տեղակայված, ջրի շիթերը հասնում են քաղաքացիներին: Խնդիրը հետևյալն է՝ շինթույլտվություն տրվե՞լ է, գործունեության թույլտվություն տրվե՞լ է, թե՞ ոչ: Հարցը բարձրացնում եմ՝ հանձնարարականով, որ մեր տեսչական մարմինները և համապատասխան մարմինները հատ-հատ ստուգեն այս խնդիրը: Մայթը քայլելու համար է, մարդիկ պետք է քայլեն: Ընդ որում՝ պարտադիր չէ, որ մայթը 24 ժամ հազարավոր քաղաքացիներով զբաղված լինի, դա մայթ է՝ նախատեսված քաղաքացու համար: Չենք կարող ասել՝ քաղաքացին այստեղով չի քայլում, ուրեմն ռեստորան սարքենք»,-ասաց Փաշինյանը:
Նա հանձնարարեց, որ տեսչական մարմինները մայթի եզրի հետ կապված խնդիրը, քաղաքացիների հարմարության և անհարմարության հետ կապված տեխնիկական պարամետրերը ստուգեն: