Համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց կա, «հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է». Բայրամով

Խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ միաժամանակ կրկնելով Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ դիրքորոշումը։

Ջեյհուն Բայրամովը Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիին հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին։

Արտգործնախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ աշխատանքներ են տարվում նախագծի համակարգման ուղղությամբ, սակայն ըստ Ջեյհուն Բայրամովի՝ խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի «Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջներն են» Ադրբեջանի նկատմամբ։

Հայաստանի բարձր դատարանը շաբաթներ առաջ քննեց ու որոշեց՝ Սահմանադրության նախաբանը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ, այնտեղ տարածքային պահանջներ չկան։ Նույնը քանիցս պնդել է պաշտոնական Երևանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Կազանում հայտարարել էր, որ ՍԴ որոշումն արձանագրում է, որ վերանշյալ մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական, հավելել՝ առաջարկում են Բաքվին ստորագրել համաձայնագիրը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930