Մեզ ճնշելով էլ 1 քմ չեք ստանա. Ագրարայինի դասախոսներն ու ուսանողներն ակցիա են անում

Այսօրվա ղեկավարությունը համաձայնություն տվել է Ագրարային համալսարանի տարածքը Ֆրանսիական համալսարանին տրամադրել առանց դասախոսների ու ուսանողների համաձայնության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ագրարային համալսարանի դասախոսներից մեկը։

«Մենք ոտքի ենք կանգնել։ Խնդիրն այն է, որ մեր շենքը չհանձնեն Ֆրանսիական համալսարանին։ Այն մասնաշենքը, որը տալիս են, ունենք տեխնիկա, գոյություն ունեն գյուղատնտեսական տարբեր մեքենաներ, կա մի հատ պրես, որը 100 տոննա է։ Ես ուսանող էի, երբ այդ շենքը կառուցում էին, դեռ շենքը չկառուցած այդ 100 տոննայանոց պրեսը տեղադրել են։ Պատկերացնո՞ւմ եք դա հանելու համար ոչ մի տեխնիկա չի կարող օգնել, կամ շենքը պիտի հանես, կամ մաս–մաս մեքենայով փչացնեն։ Այդպիսի պրես Սովետական միությունում եղել է 3 հատ, որը մերն էր, հիմա դա վերացնում են»,- նշեց դասախոսը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիական համալսարանի խնդիրը կարգավորելու համար մեծ վնաս է հասցվում Ագրարային համալսարանին.

«ԿԳՄՍ–ն փոխանակը խորը հետազոտություն աներ, և տեսներ՝ արդյոք ինչ արդյունքներ են լինելու մեր հետ և ինչքան օգուտ է լինելու Ֆրանսիականին, նոր մտներ կառավարություն այդ հարցով։ 10 օր առաջ Փաշինյանը ասում էր՝ գնում ենք Ակադեմիական քաղաք, է սպասեք թող գնանք, բոլորս կգնանք այնտեղ, ինչո՞ւ եք մեզ ճնշում։ Մեզ ճնշելով էլ 1 քմ չեք ստանա»։

Նշենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի թվում ընդգրկված է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանից Հայաստանում ֆրանսիական համալսարանին տարածք հատկացնելու մասին նախագիծ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930