«Դուք «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարել եք՝ հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանի տարածքներ օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից. Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»:
Այս մասին Ազգային ժողովի նիստում դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ապա հարցրեց. «Էդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանն ուներ լեգիտիմ իրավունք, ո՞վ է խորհուրդ տվել ձեզ»:
Սիմոնյանը նշեց՝ թեպետ հարցն օրակարգին չի վերաբերում, սակայն ինքը կպատասխանի․ «Դուք, որ Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն և թողնում էիք Արցախը որպես Ադրբեջանի կազմ, երբ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում ու ընդունում, անձամբ ձեր կուսակցությունը՝ Դաշնակցությունը, և նշում էիք, որ դա Ադրբեջան է, բա ի՞նչ էիք անում: Խոսքը լեգիտիմ իրավունքի մասին է, և որևիցե նոր բան իմ ասածի մեջ չկա: Ինչ վերաբերում է Ձեր մեկնաբանությանը՝ ո՞րն է հիմարությունը, ո՞րն է ճիշտ, պատմությունը, կարծում եմ, դրա պատասխանը տվեց»:
Սիմոնյանը նաև նկատեց՝ կարելի է մի բառից կախվել ու ինչ-որ թեզ կառուցել, սակայն փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա․ «Պատրաստ եմ քննարկման, բայց այդ քննարկումը դուք այստեղ ծավալել եք բազմիցս և բազմիցս էլ տապալվել եք»: