Ուզում ենք, որ ֆիզկուլտուրան և սպորտը դառնան մեր կյանքի և առօրեականության անբաժանելի մաս․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի պարգևատրման արարողությանը:

Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցել են 3 տարիքային և առանձին գործող աթլետ մարզիկների խմբեր: 1-ին տարիքային խումբը 2007-2011 թթ. ծնված դպրոցականներն են, 2-րդ տարիքային խումբը՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.), 3-րդ տարիքային խումբը՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1983 թ. ծնված և բարձր): Գործող մարզիկների խումբն առանց տարիքային սահմանափակման է:

Մրցաշարն անցկացվել է Փարաքար-Էջմիածին մայրուղում: 1-ին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարել են 4 կմ վազքատարածություն՝ մեկնարկը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները վազել են 10 կմ՝ Փարաքար–Էջմիածին մայրուղու երկայնքով։

Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները ստացել են նաև դրամական մրցանակներ՝1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ:

Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է 18-ից 40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին: Վարչապետը խորհրդանշական նվերներ և պատվոգրեր է հանձնել նաև մրցաշարի ամենատարեց մասնակիցներին:

Իր խոսքում վարչապետը շնորհավորել է ներկաներին օրվա իրադարձության առիթով, ինչպես նաև մրցաշարի հաղթողներին և բոլոր մասնակիցներին: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակն է նպաստել հանրապետությունում առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովմանը: Կառավարության ղեկավարը նշել է՝ մրցաշարերի նպատակն է նաև փոխել քաղաքացիների շրջանում վերաբերմունքը սպորտի նկատմամբ, որովհետև սովորաբար Հայաստանում քաղաքացիների մեծ մասը սպորտն ընկալում է որպես իրենից հեռու ինչ-որ մի բան՝ որպես հեռուստացույցի էկրաններից այն կողմ գտնվող իրադարձություն. «Մենք ուզում ենք, որ ֆիզկուլտուրան և սպորտը դառնան մեր կյանքի և առօրեականության անբաժանելի մաս»:

Վարչապետն ընդգծել է խճուղավազքին հատկապես դպրոցականների մասնակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել ուսուցիչներին իրենց կատարած աշխատանքի համար. «Սա մի յուրատեսակ ստուգատես է նաև մեր դպրոցների և ուսուցիչների համար: Մենք տեսնում ենք, որ կան ուսուցիչներ, ովքեր հաջողություններ են գրանցում, և մենք ուզում ենք նաև գնահատանքի խոսքեր ասել մեր ուսուցիչներին, դպրոցներին»:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

- Այս թեմայով -