Պետք է աջակցենք, որ դպրոցներում նման խնդիրները բացահայտվեն. նախարարը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի միջադեպի մասին

Դպրոցներում արատավոր երևույթները պետք է բացահայտվեն, սակայն պետք է հաշվի առնել, թե անհրաժեշտ գործողություններն ինչպես իրականացնել երեխաների միջավայրում:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի միջադեպին: 

Անդրեասյանը հիշեցրեց, որ այդ դեպքի հետ կապված նախարարությունը հայտարարություն է տարածել: Գերատեսչությունը դիմել է իրավապահ մարմիններին՝ ստանալու որոշակի տեղեկություն, քանի որ ահազանգներ են ստացել, որ հատուկ գործողության ժամանակ երեխաների իրավունքի և հատուկ շահի տեսանկյունից խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել: Հիմա սպասում են իրավապահների արձագանքին, որ հասկանան ամբողջական տեղեկատվությունը:

 Նախարարը խոսել է նաև իրավապահ մարմինների գործընկերների հետ, առաջարկել միասին հասկանալ ընթացակարգերը և իրենց անհրաժեշտ խորհրդատվությունը տալ, թե երեխաների ներկայությամբ ինչպես պետք է իրականացվեն որոշ գործողություններ:

«Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ իրավապահ մարմիններն առաջին հերթին պետք է կարողանան գործել, որովհետև այն մեղադրանքը, որն առաջադրվում է, չափազանց լուրջ է: Եվ մենք պետք է ինքներս ամեն կերպ աջակցենք, որ մեր դպրոցներում բոլոր նման խնդիրները բացահայտվեն: Իրականում մարդիկ գրեթե չեն խոսում նման խնդիրներից, երբեմն խոսում են և մնում չլսված»,-ասաց նա:

Նախարարությունն, ըստ նրա, առանձնահատուկ կարևորում է, որ նմանատիպ բոլոր իրավիճակները կանխարգելվեն, իսկ եթե կան, ապա բացահայտվեն, օրենքի շրջանակում մինչև վերջ անհրաժեշտ քայլերն արվեն: «Բայց սա չի նշանակում, որ երեխաների միջավայրում չպետք է հաշվի առնենք, թե ինչպես է պետք կազմակերպել անհրաժեշտ որևէ գործողություն»,-նշեց Ժաննա Անդրեասյանը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930