Աշխարհահռչակ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի եղբայր Ռոդրիգո Մեսիի գնահատմամբ՝ տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից Հայաստանն առաջ է ընթանում։
այս մասին Ռոդրիգո Մեսին նշեց Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024/DigiTec) շրջանակում ունեցած ելույթի ընթացքում, որին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ռոդրիգո Մեսին շնորհակալություն հայտնեց WCIT2024/DigiTec-ին հրավերի համար և նշեց, որ շատ ուրախ է Հայաստանում լինելու կապակցությամբ։
«Շնորհակալ եմ Հայաստանին ու հայ ժողովրդին ջերմ ընդունելության համար: Տեսնում եմ, թե ինչպես է ամեն անգամ տեխնոլոգիաների տեսանկյունից Հայաստանն առաջ շարժվում», — ասաց Ռոդրիգո Մեսին՝ իր գոհունակությունը հայտնելով համաժողովին մասնակցելու և Երևանում գտնվելու համար։
Նա նաև հյուս հայտնեց, որ տեխնոլոգիաների առումով Հայաստանի զարգացումը շարունակական կլինի։
Ելույթից հետո Ռոդրիգո Մեսին և նրա թիմը հանդիպումներ կունենան ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ՝ քննարկելու հետագա համագործակցության ծրագրերն ու հնարավորությունները։
Ռոդրիգո Մեսին «Լիոնել Մեսի մենեջմենթ»-ի տնօրենն է և Play Time Ventures-ի հատուկ խորհրդատուն:
Համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Լիոնել Մեսին 2022 թվականին հիմնադրել է հոլդինգ, որի հիմնական նպատակն է ամբողջ աշխարհում ներդրումներ կատարելը սպորտի, ԶԼՄ-ների և տեխնոլոգիաների ոլորտում:
Սան Ֆրանցիսկոյում տեղակայված Play Time Sports-Tech HoldCo LLC-ն Մեսիի հիմնական ներդրումային գործիքն է։ Այն կառավարում է Graph Ventures վենչուրային ընկերության գործընկեր Ռազմիկ Հովակիմյանը, որը WCIT2024/DigiTec պանելային քննարկման ընթացքում փոխանցեց Իլոն Մասկի ողջույնները համաժողովի մասնակիցներին։