Հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել, աշխատակիցների ասելով հրդեհն առաջացել է էլեկտրական հոսանքից։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, Իսակովի պողոտայում «Դոմուս» խանութ–սրահի հրդեհի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ փրկարար ծառայության պետ Կանո Ցուցուլյանը։
«Իրենք փորձել են իրենց միջոցներով հրդեհաշիջում իրականացնել, նոր զանգել են փրկարար ծառայություն։ Տուժածներ չկան, հրդեհի բռնկման որեւէ վարկած ես այս պահին չեմ կարող ասել, տեխնիկական և հակահրդեհային անվտանգության տեսչական մարմինը կգա, կսկսի հետաքննություն իրականացնել, որի արդյունքները կխնդրենք, կհրապարակեն։
Ըստ աշխատակցի, ասել է՝ պահեստային հատվածում հոսանքները գնացին, հետո եկան հետո բռնկվեց։
Տանիքին տեղադրված է արեւային համակարգ՝ իր կուտակիչով, դրա համար հրդեհաշիջումը այդքան դժվարացավ եւ տարածվեց հրդեհը դրա հետեւանքով։
Խանութ–սրահի տարածքը մոտ 2500-3000 քմ է, ներսում եղել են կենցաղային իրեր, շինարարական և այլ տարբեր ապրանքներ»,–ասաց ն։ Ցուցուլյանի խոսքով, կրակն այս պահին մարված է, մեկուսացված է, իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ, այսինքն հովացման, ներսի մաքրման աշխատանքներ։
Նա հավելեց, որ պայթյունի ձայն լսվել է հրդեհաշիջման ժամանակ, ապակիներն են տաքությունից պայթել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում:
Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել 17 մարտական հաշվարկ։
Ծուխը տեսանելի է եղել մի քանի կմ-ից: Հրդեհը տարածվել է պահեստից դեպի խանութի տարածք։
Հրդեհից 2 ժամ անց դեռեւս կրակը մարված չէր։ Տուժածների մասին տեղեկություններ չկան, ներսում եղած մարդիկ հասցրել են դուրս գալ։ Վերջին տվյալներով հրդեհը տարածվել է 2500-3000 ք, տարածքում։