Ադրբեջանցիները երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը. «Առավոտ»

Ադրբեջանցիները, օկուպացնելով Սյունիքի տարածքները, մեծ քանակությամբ ապօրինի հատումներ են իրականացրել Շիկահողի արգելոցում՝ կատարելով ինժեներական աշխատանքներ։ Այս փաստը «Առավոտի» հետ զրույցում հաստատել է Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով «Շիկահող» պետական արգելոցը վտանգված է։

«Մեծ քանակությամբ հատումներ են իրականացվում Շիկահող պետական արգելոցում։ Իրենք ինժեներական կառույցներ ու ճանապարհներ են կառուցում, ամրանում են, խրամատներ են փորում։ Այսինքն՝ մեծ վնասներ են հասցնում նաեւ էկոհամակարգին»,- ասաց Փարսյանը։ Նա հիշեցրեց, որ Կապան քաղաքն ու համայնքի 18 գյուղական բնակավայրեր սահմանամերձ են համարվում 2021 թվականի դեկտեմբերի 18-ից հետո։ Իսկ 2022 թվականի ռազմական գործողությունների հետեւանքով ադրբեջանցիներն օկուպացրել են համայնքի տարածքները։ Ըստ Փարսյանի՝ լուծումն այն է, որ ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն այդ տարածքներից։ «Մենք սահմանների հետ կապված խնդիրներ ունենք, հատկապես Ներքին Հանդում է իրավիճակը մտահոգիչ։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով մեր վարչական տարածքներից մոտ 2700 հա հող օկուպացված է ադրբեջանցիների կողմից, եւ հիմա ադրբեջանական զորքերն են տեղակայված մեր տարածքներում։ Բնականաբար այդ իրավիճակը մտահոգիչ է, ներկայում բնակչության մոտ ավելի շատ անորոշության մթնոլորտ է՝ կապված ընդհանուր իրավիճակի հետ»,- ասել է նա։

Ըստ Փարսյանի, սակայն, Կապան համայնքից արտագաղթ չկա։ Գեւորգ Փարսյանն անդրադարձավ Ներքին Հանդ գյուղում առկա իրավիճակին։ «Ներքին Հանդ բնակավայրը երեք կողմից շրջափակված է ու շրջապատված ադրբեջանական զորքերով։ Կենսական նշանակություն ունեցող ռեսուրսներն ամբողջովին գտնվում են ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո։ Խմելու ջրի ակունքներն են անցել նրանց վերահսկողության տակ, նաեւ՝ գյուղի գերեզմանոցը։ Մարդիկ գյուղի եկեղեցի այցելելու հնարավորություն չունեն։ Այս իրավիճակը 2022 թվականի սեպտեմբերի մարտական գործողությունների հետեւանք է։ Ներքին Հանդում իրավիճակը բավական լուրջ է»,- ասել է նա։

Փարսյանի տեղեկացմամբ՝ նախկինում հաճախակի էին կրակոցի ձայներ լսվում Ներքին Հանդում, հիմա, թեեւ կրակոցի ձայներ չկան, բայց ժամանակ առ ժամանակ լսվում են ականների պայթյունի ձայներ։ Համայնքի ղեկավարն ասաց, որ չնայած այս իրավիճակին, գյուղից մշտական բնակչության արտագաղթ չի եղել, բայց գյուղացիներն անհանգիստ են։ «Միանշանակ ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն Ներքին Հանդից, ես լուծումն այլ կերպ չեմ էլ պատկերացնում։ Նրանք պետք է հեռանան, հակառակ դեպքում գյուղը որպես գյուղ չի կարող մնալ։ Գյուղից մնացել է միայն զուտ բնակելի հատվածը՝ տների հատվածը։ Գյուղում դպրոց կա, բայց դպրոցը նույնպես գտնվում է ադրբեջանցիների նշանառության ներքո»,- ընդգծեց նա։ Փարսյանը նաեւ ասաց, որ Սյունիքում սահմանազատման հետ կապված որեւէ խոսակցություն մինչ այսօր չկա, համենայնդեպս ինքը նման տեղեկություն չունի։

 

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031