Ի՞նչ պետք է իմանալ բլոգերի աշխատանքից ստացված եկամուտներից հարկերի վճարման մասին. ՊԵԿ-ը մանրամասնում է

Ի՞նչ պետք է իմանալ բլոգերի աշխատանքից ստացված եկամուտներից հարկերի վճարման մասին: ՊԵԿ-ը հաճախ տրվող հարցերի պատասխաններն է հրապարակել:

Արդյոք բլոգերը պե՞տք է հարկ վճարի իր աշխատանքի դիմաց ստացված եկամուտներից:

Եթե բլոգերը մատուցում է գովազդային կամ այլ ծառայություններ, ապա ստացած եկամուտներից պարտավոր է վճարել հարկ:

Հիշեցում: Գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:

Արդյոք բլոգերը պե՞տք է հարկ վճարի ստացած գումարի, ապրանքի կամ ծառայության դիմաց մատուցած գովազդային ծառայությունից:

Ծառայության մատուցումը մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումն է՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ կամ անհատույց: Այն դեպքում, երբ բլոգերը մատուցում է գովազդային ծառայություն՝ գումարի, ստացած ապրանքի կամ ծառայության դիմաց, ապա նա պետք է մատուցած գովազդային ծառայության արժեքին համապատասխան հայտարարագրի շրջանառությունը և վճարի հարկերը:

Ինչպե՞ս պետք է բլոգերը հաշվառվի որպես հարկ վճարող:

Բլոգերը, որպես հարկ վճարող, պետք է հաշվառվի պետական ռեգիստրում՝ որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ գրանցվի որպես կազմակերպություն, որի միջոցով կիրականացնի ձեռնարկատիրական գործունեությունը:

Ի՞նչ հարկատեսակներ են կիրառվում բլոգերի համար, և ի՞նչ պարտադիր վճարներ կան:

Գովազդային ծառայությունները հարկվում են շրջանառության հարկով կամ ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ): Կիրառվող հարկատեսակներից բացի՝ ԱՁ համարվող շրջանառության հարկ վճարողները վճարում են շահութահարկ՝ ամսական 5․000 դրամի չափով, իսկ 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անհատ ձեռնարկատերերը վճարում են նաև սոցիալական վճար՝ տարեկան 60․000 դրամի չափով, ինչպես նաև դրոշմանիշային վճար:

Ո՞րն է համարվում շրջանառության հարկով հարկման օբյեկտ, և ի՞նչքան է շրջանառության հարկի չափը:

Շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Ծառայության մատուցման մասով շրջանառության հարկի դրույքաչափը կազմում է իրացման շրջանառության 5%-ը:

Արդյոք բլոգերը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Գովազդային ծառայություն իրականացնելու դեպքում բլոգերը չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։

Արդյոք բլոգերը, որպես ՀՀ ռեզիդենտ հարկ վճարող, պե՞տք է հարկ վճարի արտերկրում մատուցած ծառայության համար:

ՀՀ ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողը վճարում է շրջանառության հարկ կամ շահութահարկ՝ անկախ ծառայությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցելու հանգամանքից:

Ինչպե՞ս է իրականացվում փաստաթղթավորումը բլոգերի կողմից:

Յուրաքանչյուր մատուցված ծառայության համար անհրաժեշտ է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ: Ֆիզիկական անձանց ծառայություն մատուցելու դեպքում ևս դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթ՝ նշելով ֆիզիկական անձի անունը, ազգանունը և անձնագրային տվյալները:

Արդյոք բլոգերը պարտավո՞ր է փաստաթղթավորել ստացած ապրանքի կամ ծառայության դիմաց մատուցած գովազդային ծառայությունը:

Այս դեպքում, նույնպես յուրաքանչյուր մատուցած ծառայության դիմաց դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթ:

Ինչպե՞ս կարող է բլոգերն ինքնուրույն ներկայացնել հաշվարկները և վճարել հարկերը:

Բլոգերը կարող է ինքնուրույն ներկայացնել հաշվարկները ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Նույն հարթակի միջոցով կարող է վճարել նաև հարկերը՝ մուտք գործելով «էլեկտրոնային վճարումներ» բաժին:

Ե՞րբ պետք է բլոգերը ներկայացնի հաշվարկը ու վճարի հարկերը:

Հաշվարկի ներկայացումը և հարկերի վճարումը կատարվում է՝
շրջանառության հարկի դեպքում՝ եռամսյակային կտրվածքով՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ.
ԱԱՀ-ի դեպքում՝ յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ.
շահութահարկի դեպքում` յուրաքանչյուր տարի` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:

Հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Հարկային օրացույց» բաժին:

Որո՞նք են բլոգերի կողմից իրականացվող քայլերը հարկային մարմնից ծանուցում ստանալու դեպքում:

Ծանուցմամբ ներկայացված անհամապատասխանությունների մասով՝
վերանայել ստացված եկամուտները, բացթողումների մասով դուրս գրել համապատասխան հաշվարկային փաստաթղթերը.
ներկայացնել հարկային հաշվարկները (այդ թվում՝ ճշտված) և վճարել դրանից առաջացող հարկային պարտավորությունների գումարները.
անհամաձայնության դեպքում` հարկային մարմին ներկայացնել հիմնավորումներ:

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված բլոգերի համար՝ հարկերի վճարումից խուսափելու կամ օրենքը խախտելու դեպքում:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ` առաջադրելով պակաս հաշվարկված հարկային պարտավորությունները, ինչպես նաև դրանցից բխող տույժերը և տուգանքները:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031