Դատարանը իր հեղինակավոր խոսքը կասի․ Դիլանյանը՝ ՍԴ-ի կողմից սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկման մասին

ՀՀ Սահմանադրական դատարանը քննում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը։

Լրագրողների հետ զրույցում ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նկատեց՝ եթե պետք է որևէ միջազգային պայմանագիր վավերացվի, ապա դա չի կարող չներկայանալ Սահմանադրական դատարան։

«Եթե կա այդպիսի պայմանագիր, որը պետք է վավերականացվի, բայց չի արվել, դա նշանակում է, որ այն Հայաստանի համար իրավական ուժ չունի։ Հիմա բարձր դատարանը հավաքվել է, որպեսզի որոշի՝ կանոնակարգը հակասո՞ւմ է, թե՞ ոչ։ Եվ դատարանը իր հեղինակավոր խոսքը կասի»,- ասաց նա։

Հարցին՝ իսկ Կիրանցի սահմանազատումը ապօրինի կարո՞ղ է համարվել, քանի որ կանոնակարգը այդ ժամանակ չէր հաստատվել, Դիլանյանը նշեց, որ այս պահին որևէ գնահատական տալ չի կարող։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին քննում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը։

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 2-ին հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել են:

Կանոնակարգում նշվում է, որ հանձնաժողովները կհիմնվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք (եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին):

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին»՝ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին որոշմանը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031