Այսօր Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրն է

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրը։ Այս մասին տեղեկանում ենք qahana.am կայքից։

Ս. Փեփրոնեն Մծբին քաղաքից էր և մանուկ հասակից կրոնավորության ուխտ անելով` վանք էր մտել: Ս. Հռիփսիմեի նման ենթարկվել է Դիոկղետիանոս կայսեր հալածանքներին: Երբ կայսեր հավատաքննիչները 305 թվականին Մծբին են հասնում, վանքի միաբանությունը ստիպված հեռանում է, իսկ հիվանդ Փեփրոնեն մնում է վանքում իր ուսուցչուհու՝ Վրենի և քույր Թումայիսի հետ: Հեթանոս Սեղինոս դատավորը փորձում է համոզել գեղեցիկ կույսին քրիստոնեությունից հրաժարվել և խոստանում նրան իր ազնվական եղբորորդու՝ Լյուսիմաքոսի հետ ամուսնացնել: Սակայն Փեփրոնեն պատասխանում է, որ ինքն արդեն հարսնացել է Քրիստոսին՝ կուսության պսակն ընդունելով: Զայրացած Սեղինոսը հրամայում է նախ նրա ձեռքերն ու ոտքերը կտրել, ապաª գլուխը: Լյուսիմաքոսը նրա մահը տեսնելով` հավատի է գալիս և հրամայում նրան պատվով թաղել, իսկ Սեղինոսը, կույսի անպատմելի տանջանքներին ականատես` խելագարվում և ինքնասպան է լինում:

Ս.Մարիանեն Պիսիդյան Անտիոքից էր: Նա քաղաքի քրմի միակ դուստրն էր և վաղ հասակում մորից զրկվելով` քրիստոնյա ստնտուի խնամքին է հանձնվում: Երբ արդեն մեծ էր, հայրը նրան ցանկանում է քրմուհի դարձնել, սակայն աղջիկը հրաժարվում է ուրանալ Քրիստոսին և ծառայել անմռունչ կուռքերին: Հայրը նրան տնից վռնդում է, և Ս. Մարիանեն գնում է իր ստնտուի մոտ, սակայն քիչ ժամանակ անց ձերբակալվում է և գլխատվում:

Ս. Շուշանը Վարդան Մամիկոնյանի ավագ դուստրն էր, որին նախապես Վարդենի էին կոչել, բայց հայոց պատմության և վարքաբանության մեջ հայտնի է Շուշան փաղաքշական անունով: Նա ամուսնացած էր վրաց Աշուշա բդեշխի որդի Վազգենի հետ: Չնայած նրանք 3 տղա և 1 աղջիկ ունեին, սակայն ամուսինը, բդեշխ դառնալով, կրոնափոխ էր եղել և ամուսնացել պարսիկ Պերոզ իշխանի զոքանչի հետ: Իսկ Շուշանը եկեղեցուն կից մի փոքրիկ տնակում, ապրում էր աղոթքներով` միշտ մերժելով իր ամուսնու` դավանափոխ լինելու առաջարկներն ու սպառնալիքները: Ս. Շուշանիկը 7 տարի անընդմեջ իր ամուսնուց հալածվում է` ապավինելով միայն իր աներեր հավատին առ Աստված և պապից` Ս. Սահակից իրեն կտակված Ս. Ավետարանին: Ս. Շուշանը 470 թվականին իր կյանքն ավարտում է մարտիրոսական մահով: Ըստ Ոխտանես պատմիչի` նրա գերեզմանը Ցուրտավում է:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031