Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, այս մասին մարզահամերգային համալիրում մեկնարկած Սրբազան պայքարի հավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը
Նա նշեց, որ սեպտեմբերի 28-29-ին Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողություններով պայմանավորված՝ որոշել են նոր պայքարի շրջանը սկսել հոկտեմբերից։
«Մտնում ենք պայքարի ինտենսիվ և հետևողական փուլ՝ համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ՝ հաղթանակով երաշխավորված։ Պատրաստ եղեք երկրի առջև վեր առնող ցանկացած իրավիճակներին համարժեք պատասխանի»,-ասաց նա։
Բագրատ Սրբազանը հայտնեց, որ այս պահին այլևս ավելորդ է համարում անդրադառնալ այն անթիվ, անհամար մարտահրավերներին, անվտանգային խնդիրներին, սոցիալական անարդարության դրսևորումներին, բոլոր կոռուպցիոն ռիսկերին, բազմաբնույթ ստերի շքերթին, գերության և պատանդառության մեջ գտնվող եղբայրներին և ռազմաքաղաքական ղեկավարությանը, իրավապահ համակարգի ապօրինություններին, որոնց գագաթնակետ, ամոթի և խարանի «թագն ու պսակը» հունիս 12-ի վայրագությունը և սեփական ժողովրդի դեպ զենքի կիրառումն էր։
«Հունիսի 12-ն ամբողջությամբ և վերջնականապես բացահայտել է նեռի և իր գործակալների արյունատենչ և ժողովրդասպան դեմքը։
Հայտնեմ ձեզ, որ մենք իրավական գործընթացներ ենք սկսել և հետապնդելու ենք մինչև վերջ՝ հասնելու այս հանցագործությունն իրականացնողների խստագույն պատժին՝ անկախ նրանից, թե ինչ աստիճանի հովանավորություն են նրանք վայելում այսօր»,-նշեց նաա։