Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը ԲԴԽ-ում հետաձգվեց։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հարցուպատասխանի փուլից հետո դատավորի ներկայացուցիչները լրացուցիչ ժամանակ խնդրեցին, քանի որ հարցուպատասխանի ընթացքում մի քանի հանգամանքներ են ներկայացվել նախարարության կողմից, որոնց շուրջ կասկածները պետք է փարատվեն, անհրաժեշտ են լրացուցիչ նյութեր։ Փաստաբան Արա Ղազարյանը նկատեց՝ պետք է հաշվի առնել, որ սա իրենց միակ հնարավորությունն է՝ նոր հանգամանքների վերաբերյալ հարցումներ իրականացնելու, ավելի խորությամբ քննելու համար, բողոքարկման ատյան չկա։
Կարեն Անդրեասյանն ասաց՝ պետք է հստակություն մտցնել հատկապես՝ նյութերի կարիք ունենալու վերաբերյալ միջնորդության մասով, ի՞նչ նյութերի մասին է խոսքը, ինչքա՞ն ժամանակ է պետք և ի՞նչ են փորձելու հայթայթել։ Արսեն Սարդարյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ ուսումնասիրություն պետք է կատարվի նիստերի նախապես նշանակված լինելու, նիստերի վերաբերյալ տեղեկությունների լրացման և այլ հարցերի վերաբերյալ։ Նա նաև նշեց, որ ՔԿՀ հարցում պետք է կատարվի 2023 թվականի հոկտեմբերի 6-ին նշված քրեական գործով կալանավորի ներկայության ապահովման վերաբերյալ գրությունը նախապես ուղարկելու տեղեկության ստացման համար, անհրաժեշտ են նաև ծանուցումները, հեռախոսազանգերի արձանագրությունները։
Ըստ ներկայացուցիչների՝ այս տեղեկությունները վերաբերում են հենց այն 6 դրվագներին, որոնց վերաբերյալ ներկայացվել է փաստական հանգամանք և նշված տեղեկությունները կարող են էական նշանակություն ունենալ վարույթի համար։ Հատկանշական է, որ քննարկման ընթացքում նախագահող Կարեն Անդրեասյանը պարբերաբար հարց էր բարձրացնում՝ արդյոք հնարավոր չէ այդ տեղեկությունը ճշտել դատարանի աշխատակազմի, Դատական դեպարտամենտի կողմից՝ առաջնորդվելով կանխավարկածով, որ վստահում են դատավորին, աշխատակազմին, ԴԴ-ին․ սակայն դատավորը և նրա ներկայացուցիչները պնդեցին միջնորդությունը։ Արա Ղազարյանն էլ ընդգծեց՝ ավանդույթ է՝ փաստաթղթավորված ներկայացնել ապացույցները։
Կարեն Անդրեասյանը դատավորին հարցրեց՝ կարո՞ղ է հիշել՝ 3 տարի 4 ամիս տևած դատավարության ընթացքում կայացած 4 նիստերով քանի ժամ է տևել դատավարությունը, Միսակյանն ասաց՝ հստակ չի կարող նշել, բայց 8 ժամից ավել է տևել։ Խորհուրդը որոշեց մասնակի բավարարել միջնորդությունը՝ ժամանակ տրամադրելով տեղեկությունը ճշտելու համար։ Հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 23-ին, ժամը՝ 10,00-ին։
Հիշեցնենք, որ ըստ ներկայացված միջնորդության՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է դատախազության հաղորդման հիման վրա՝ Վազգեն Մանուկյանի գործով իբրև դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։
Մասնավորապես, Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Դատավոր Միսակյանը, գործը ստանալով 2021 թվականի մարտին, դատավճիռ է հրապարակել 2024-ի հունիսին։ Նա Մանուկյանին մեղավոր է ճանաչել և դապարտել 400․ 000 ՀՀ դրամի չափով տուգանքի։ Նշենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 4-ի որոշմամբ դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել, որի «մարման» ժամկետը երկու տարի է, հետևաբար, չի բացառվում, որ խնդիր է դրված դատավորի լիազորությունները դադարեցնելու։