«Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանի մուտքը Վրաստան կրկին արգելվել է։ Այս մասին Խառատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել՝ նշելով, որ իրեն 4 ժամով ձերբակալել են Վրաստանի սահմանային ծառայությունները։
«Սեպտեմբերի 16-ին, երբ Եվրոպայից վերադառնում էի Թբիլիսի, Վրաստանի սահմանային իշխանությունները կրկին մերժեցին իմ մուտքը երկիր։ Այս անգամ նրանք ինձ ձերբակալեցին 4 ժամով, հետո նստեցրին օդանավ՝ ետ ուղարկելով Եվրոպա։
Սեպտեմբերի 18-ի համար Թբիլիսիից հետադարձ տոմս ունեի դեպի Երևան, սակայն ինձ ասացին, որ վրացական օրենսդրությամբ, եթե մարդու մուտքը մերժեն, պետք է հետ ուղարկեն մեկնման երկիր»,- գրել է Խառատյանը։
Ըստ Խառատյանի՝ իր մուտքի արգելման մասին ոչ մի բացատրություն վրացական ոչ մի գերատեսչություն չի ներկայացրել։ Ըստ նրա՝ սա քաղաքական բնույթ է կրում։
«Մինչ այժմ ես որևէ կասկած չունեմ, որ մուտքի այս մերժումը, նույն ինքը՝ արտաքսումը, քաղաքական բնույթ է կրում, ինչն, ի վերջո, նշանակում է, որ վրացական իշխանությունները կամ վախենում են ինձ նման մարդկանցից, կամ հովանավորներ ունեն Մոսկվայից կամ Բաքվից, որոնք խնդրում են նրանց «մաքրել տարածքը» ընտրություններից առաջ։
Խորհրդարանական ընտրություններից վեց շաբաթ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարծես թե չի մտածում նոր ընկերներ ձեռք բերելու մասին ու նման գործողություններով նոր թշնամիներ է ձեռք բերում։ Ինձ համար մի բան ավելի քան պարզ է․ ես կվերադառնամ Վրաստան, և դա կլինի շատ շուտով»,- գրել է Խառատյանը։
Հատկանշական է, որ նման դեպք տեղի էր ունեցել գրեթե մեկ շաբաթ առաջ, երբ, առանց նշելու պատճառը, Արսեն Խառատյանին օդանավակայանում Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանությունից հայտնել էին, որ արգելվում է նրա մուտքը Վրաստան, բայց 2 ժամ հետո թույլատրել էին։