Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին պատվող «Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որին մարզաշխարհի և շոու բիզնեսի մի շարք հայտնի դեմքեր և հյուրեր են ներկա եղել:
Նազիկ Ավդալյանին մարմնավորել է Աննա Մաքսիմը (Հարությունյան), որը նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, ռեժիսորն ու սցենարի հեղինակն է:
«Մեդալի հակառակ կողմը» հիմնված է իրական փաստերի վրա: Ավտովթարի հետևանքով ստանալով ողնաշարի լուրջ վնասվածք՝ Նազիկը 7 տարի դուրս է մնում մեծ սպորտից, ապա վերադառնում, չնայած շրջապատի անվստահությանը, մարմնական անմարդկային ցավերին, դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն՝ ապացուցելով, որ եթե կա կամք և աննահանջ ոգի, ոչինչ անհնարին չէ: Նազիկի թե՛ մարզական, թե՛ անձնական կյանքի վերելքներն ու վայրէջքները հանդիսատեսին ստիպեցին շունչները պահած հետևել ֆիլմի ընթացքին, հուզվել, ուրախանալ և տխրել անվանի մարզուհու հետ միասին, որը ևս չէր կարողանում զսպել հուզմունքը պրեմիերայից հետո:
«Մեր պատմությունը բարձրացնում է հարցեր, պատասխաններ ևս տալիս է, բայց ոչ ամբողջությամբ, դա թողնում է հանդիսատեսին: Հարցերը հետևյալն են՝ ի՞նչ եմ ես ուզում, ի՞նչն է ինձ խանգարում դա անել և ամենակարևորը՝ որպես հայ մարդ, ինչքանո՞վ է դա նպաստում Հայաստանի Հանրապետության բարօրությանը: Կարծում եմ՝ Նազիկ Ավդալյանն այս 3 հարցերին իր օրինակով պատասխանել է: Մենք էլ մեր ֆիլմով կփորձենք այս գաղափարը տարածել մարդկանց մեջ: Իսկ իմ անունից կասեմ, որ ես իմ ամենանվիրականը դրել եմ խաղատախտակին մի նպատակով, որ այս գաղափարները տարածվեն և վերջապես լինի արվեստի, մտքի և ոգու հեղափոխություն»,- նշել է ֆիլմի ռեժիսոր և գլխավոր հերոսուհին՝ Աննա Հարությունյանը:
Սցենարի ստեղծմանը մասնակցել է նաև Նազիկ Ավդալյանը, որն Աննային վստահել է ոչ միայն իր սպորտային կյանքին առնչով դետալներ, այլ նաև անձնական կյանքին վերաբերող շատ մանրամասներ. «Իհարկե, կողքից նայելով, երբ այլ մարդիկ են մարմնավորում այն ամենն, ինչի միջով դու անցել ես, շատ տարբեր է ամեն բան թվում, բայց կարևորը գաղափարն է: Ես շատ ուրախ կլինեմ, որ իմ անցած ճանապարհով կարողանամ օգտակար լինել ինչ-որ մեկին, ավելի ուրախ կլինեմ, եթե շատ-շատերին կարողանամ օգտակար լինել»:
Ավդալյանը խոստովանում է՝ հաճախ հետևելով մարզումների ընթացքին ակնկալել է, որ Աննան չի կարողանա շարունակել և կդադարեցնի ֆիլմի նկարահանման ընթացքը, բայց ուժեղ բնավորության և կամքի շնորհիվ դերասանուհին չի հանձնվել ու շարունակել է աշխատանքը՝ թեև սկզբնական շրջանում ֆինանսական սուղ միջոցներով:
Ֆիլմում առանցքային դերերով հանդես են եկել Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը, Արտաշես Ալեքսանյանը, Անահիտ Քոչարյանը և այլք: Բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, ֆիլմի կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, նկարիչ՝ Արմեն Ղազարյան:
Դերասան Արտաշես Ալեքսանյանը ֆիլմում մարմնավորել է Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանին, որն ի դեպ դահլիճում էր և պրեմիերայից հետո բարձրացավ բեմ՝ շնորհակալություն հայտնելով նկարահանող խմբին ու դերասանական անձնակազմին՝ ստացված աշխատանքի համար:
«Մենք՝ մեր հասարակությունը, դեռ չի գիտակցում, թե ինչ լեգենդի հետ գործ ունենք, ինչ լեգենդար մարդ է նստած մեր կողքին, որովհետև իր օրինակը համամարդկային է: Որովհետև սա մարդկային զգացմունքների, էմոցիաների, սիրո խնդիրն է բարձրացնում: Ամենակարևոր ասելիքն այն է, որ եթե մեծ սեր չունենաս, չես հասնի այն նպատակին, ինչին ձգտում ես: Ես այս ֆիլմում մարմանվորում եմ Նազիկի մարզչի կերպարը, որը շատ բարդ խնդրի առաջ է կանգնած, որովհետև եթե բժիշկը ֆիզիկապես է բուժում, իր անձնական մարզիչը նախ հոգեպես պետք է բուժի և պետք է շատ նուրբ լարերի վրա խաղա, նեցուկ կանգնի, որպեսզի կարողանա այդ ծանր վիճակից հանել»,- ասում է Արտաշես Ալեքսանյանը:
«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերային ներկա էին նաև Նազիկի թիմակից ընկերները, ընտանիքի անդամները, մարզիկներ, ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականի անդամներ:
Ֆիլմը սեպտեմբերի 12-ից հասանելի է բոլոր կինոթատրոններում: