Նոր կամուրջը կկրճատի դեպի Լարս տանող ճանապարհը

Լարսի հետ ավելի արագ կապ ապահովելու համար Վրաստանում կկառուցեն ամենաբարձր կամուրջը։ Այս մասին հայտարարել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։

Կամուրջը կառուցվում է Քվեշեթի–Կոբի 23 կիլոմետրանոց ավտոմայրուղու նախագծի շրջանակում։ Նախագծով նախատեսվում է կառուցել 5 կամուրջներով և 5 թունելներով երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, մեկ կամրջի վերանորոգում, ինչպես նաև Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր տանող 5 կմ ճանապարհի կառուցում:

«Դա կլինի ամենաբարձր կամուրջը, որի հենարանների բարձրությունը կլինի 48 և 47 մետր։ Մինչ այժմ ամենաբարձր` 42 մետրանոց հենարանները մենք ունեցել ենք Խաշուրի շրջանցիկ ճանապարհին (Շիդա Քարթլիի շրջան)»,– ասել է Կարսելաձեն։

Նրա խոսքով՝ արդեն ավարտվել է 9–կիլոմետրանոց տարհանման թունելի հորատումը։ Այն անցնում է գլխավոր թունելին զուգահեռ, որի երկարությունը 9 կմ է, լայնությունը՝ 15 մետր։

Ներկայում ինտենսիվ աշխատանքներ են տարվում ինժեներական կոմունիկացիաների կահավորման, էլեկտրամատակարարման, անվտանգության և այլ անհրաժեշտ համակարգերի ապահովման ուղղությամբ:

Ծրագրի շրջանակում ավարտվել է նաև 1500 մ և 500 մ երկարությամբ թունելների հորատումը: Աշխատանքներ են տարվում մյուս երկու թունելների հորատման ուղղությամբ:

Ծրագրի ավարտից հետո Քվեշեթիից Կոբի ճանապարհը կտևի 15 րոպե՝ ներկայիս 1 ժամի փոխարեն:

Քվեշեթի–Կոբի նախագիծն իրականացվելու է 2024–2025 թթ.` փուլ առ փուլ։ Նախագծի ընդհանուր արժեքը 1,2 մլն լարի է (մոտ 445 հազար դոլար)։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031