Գուրգեն Արսենյանն «անցավ դեսպանի լիազորությունների լիարժեք կատարմանը»

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն երեկ իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին, այսպիսով անցնելով իր լիազորությունների լիարժեք կատարմանը, փոխանցում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

Ըստ հաղորդման՝ Արսենյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունն՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների՝ հույս հայտնելով, որ «դեսպանությունն իր առաքելության իրականացման ընթացքում կշարունակի վայելել Ռուսաստանի իշխանությունների բարեհաճությունը և աջակցությունը»։

Գուրգեն Արսենյանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ օրակարգի առաջնահերթություն ներկայացնող մի շարք հարցեր։

Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել նախագահի՝ օգոստոսի 14-ի հրամանագրով։ Դրանից օրեր առաջ նա վայր էր դրել պատգամավորական մանդատը, իսկ փաստաթղթերը Մոսկվա ուղարկել անցած աշնանը։

Հայ-ռուսական սրված հարաբերությունների այս փուլում մինչև պաշտոնապես նշանակվելը, նա ասել էր, թե հույս ունի մեղմել սուր կետերն ու փոխել երկու երկրների հարաբերությունների ալգորիթմը։

Նորանշանակ դեսպանը նախկինում դիվանագիտական ոլորտում չի եղել, Փաշինյանի թիմով պատգամավոր է դարձել 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականին։ Մինչև գործող իշխանությունը, խորհրդարանում էր Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։ Արսենյանը պատգամավոր է եղել նաև 2000-ականներին։ 90-ականներին՝ ՀՀԿ-ական։ 2002-ին հիմնադրել է իր կուսակցությունը։

Գուրգեն Արսենյանը գործարար է, ըստ «Հետք»-ի, մինչև անցած տարի Ռուսաստանում բիզնես ուներ։ 2023-ի հայտարարագրով՝ բաժնեմաս 8 ընկերությունում, որդին ընկերություններ ունի Միացյալ Նահանգներում ու Չեխիայում։

Նախքան Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանը Վաղարշակ Հարությունյանն էր, որ պաշտոնավարեց երկուսուկես տարի։ Նա Մոսկվա էր գործուղվել 2022-ի հունվարից։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031