Հայաստանը պատրաստ է առաջիկա հնարավոր ժամկետում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ այս պահին համաձայնեցված դրույթներով

Խաղաղության համաձայնագրի 80 տոկոսը համաձայնեցված է:

Այս մասին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով.

«13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս երեք հոդվածներ, որոնք բաղկացած են հիմնականում երկու նախադասությունից, մասնակի համաձայնեցված են, այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը՝ համաձայնեցված չէ»։

Վարչապետը չի բացահայտել նախադասությունների բովանդակությունը և նշել է միայն, որ պաշտոնական Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։

Փաշինյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը Երևանին և Բաքվին հնարավորություն կտա համատեղ շարունակել քննարկումները՝ նաև նշելով, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։

Հայաստանի վարչապետը վերահաստատեց իր պատրաստակամությունը ստորագրել համաձայնեցված դրույթներն «առաջիկա հնարավոր ժամկետում»։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ երել հայտնել է, որ Խաղաղության պայմանագրում տեխնիկապես կա 16 հոդված, որից 13-ն ամբողջապես համաձայնեցված է, 3-ը՝ մասնակի:

Բաքուն, ի պատասխան, հայտարարել է, որ անընդունելի է համարում ոչ ամբողջությամբ համաձայնեցված խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ շեշտելով՝ «երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը մի շարք ուղղություններով պետք է հստակեցվեն»։

Բաքուն պնդում է, որ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ, ինչպես նաև նշում՝ «չնայած Հայաստանը տեղյակ է իր գրավոր և ստորագրված պարտավորությունների մասին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման վերաբերյալ, վերջին չորս տարիներին դրանք չի կատարել»:

Մեկ ամիս առաջ նախ պաշտոնական Բաքուն, ապա Երևանը հայտարարեցին, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը: Այդուհանդերձ Հայաստանի վարչապետն օրերս հայտարարեց, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30