«Ռուսաց լեզուն» ՀՀ դպրոցներում այլևս պարտադիր չէ՞. ինչ է փոխել ԿԳՄՍՆ–ն ուսումնական պլանում

ՀՀ-ում «Ռուսաց լեզուն» օտար լեզվի կարգավիճակ ունի, սակայն դպրոցներում դրա ուսուցումը միշտ պարտադիր է եղել։ Այս տարվանից ուսումնական օրինակելի պլանում փոփոխություններ են եղել, որոշ փորձագետների կարծիքով՝ ամեն ինչ տանում է նրան, որ «Ռուսաց լեզվի» դասաժամերը կրճատվեն։

Հայաստանում 2024-2025 ուսումնական տարում հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրվել է պետական կրթական նոր չափորոշիչը։ Դեռ ամռան ամիսներին էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը օտար լեզուների դասավանդմանն առնչվող շրջաբերական է ուղարկել բոլոր դպրոցներին։

Պետական չափորոշիչով «Ռուսաց լեզուն» դեռ մնում է դասավանդվող առաջին և պարտադիր օտար լեզուն։ Սակայն շրջաբերականում ամեն ինչ այլ է՝ ուսումնական հաստատությունների մի շարք դասարանների համար «Ռուսաց լեզուն» հիմնական (պարտադիր) կարգավիճակից անցել է օտար լեզվի կարգավիճակի (ըստ ցանկության)։ Միաժամանակ յուրաքանչյուր օտար լեզվի համար հատկացվում է շաբաթական նվազագույնը 2 ժամ։

Այսինքն՝ որպես այդպիսին «Ռուսաց լեզու» անունով առարկան մնացել է միայն 4-րդ, 9-րդ (շաբաթական 3 ժամ), 11-րդ և 12-րդ դասարանների (շաբաթական 2 ժամ) ուսումնական պլանում։ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարանների աշակերտների համար «Ռուսաց լեզու» առանձին առարկա չկա: Կան «Օտար լեզու 1» և «Օտար լեզու 2» առարկաներ: Այս փոփոխությունը թյուրիմացության մեջ է գցել ուսումնական հաստատությունների տնօրեններին և ռուսերենի մասնագետներին։

Մի շարք դպրոցների տնօրեններ ոչ միանշանակ են արձագանքում այս իրավիճակին և օտար լեզուների միջև դասաժամերը բաշխում են «հին ձևով»։ Ըստ շրջաբերականի՝ նրանք իրավունք ունեն ինքնուրույն բաշխել օտար լեզվի ուսուցման համար հատկացված ժամերը և որոշել, թե որին են նախապատվությունը տալիս։

Ռուսերենի մի շարք մասնագետներ Sputnik Արմենիայի հետ զրույցում մտահոգություն հայտնեցին շրջաբերականում տեղ գտած «խմբագրումների» առնչությամբ։ Նրանք կարծում են, որ եթե ոչ այս տարի, ապա առաջիկա տարիներին «Ռուսաց լեզվին» հատկացված դասաժամերը կկրճատվեն և առարկան ամբողջությամբ կհանվի դպրոցական ծրագրից։

Երևանում «Ռուսական տան» ներկայացուցիչը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենք ահազանգեր են ստացել որոշ դպրոցների տնօրեններից, որոնց հետ երկար տարիներ համագործակցում են:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30